- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Մայիս 18, 2022 | 16:06
Կրթություն
Գիտություն
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկական կենսահսկողության կարողությունների հզորացումը» թեմայով սեմինարի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև և ապահովել բարձրագույն կրթության մասնագետների, հետազոտողների, բնապահպանների և առհասարակ այն մասնագետների ներգրավվածությունը, որոնք պարբերաբար ուսումնասիրում են կլիմայի փոփոխության մարտահրավերները և կենսաանվտանգությունը:
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կազմակերպված հանդիպմանը ներկա էին ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռ. Բարխուդարյանը, ՀՀ և Ավստրիայի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
«APPEAR» բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության հայ-ավստրիական համատեղ նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպման ընթացքում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը ներկայացրեց «Կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանում գենետիկական մեթոդների ներդրումը և հզորացումը կենսաանվտանգության խնդիրների լուծման համար» թեման:
«Մեր թիմն այցելել է Ավստրիայի համալսարաններ, իսկ այժմ Ավստրիայի երեք համալսարանի ներկայացուցիչներն են ԵՊՀ-ում: Հայ-ավստրիական ֆոնդի միջոցով նպատակ ունենք կրթության որակն աշխատաշուկային էլ ավելի համապատասխան դարձնելու: Կան լավ մասնագետներ, որոնք աշխատում էին առանձին, իսկ այժմ ստեղծել ենք մի հարթակ և փորձում ենք միասին լուծել խնդիրները»,- նշեց Մ. Առաքելյանը:
Ծրագիրը ներառում էր ԵՊՀ-ում մագիստրոսական դասընթացների թարմացում, ասպիրանտական կրթաթոշակ, ամառային դպրոց, դասավանդման և հետազոտական ռեսուրսների կարողությունների ավելացում:
Պրոֆեսոր Պամելա Բուրգերը նշեց, որ համագործակցության հիմնական նպատակը կրթական ծրագրի և Հայաստանում առկա գիտահետազոտական պոտենցիալի զարգացումն է: «Ծրագիրը կտևի 4 տարի, այնուհետև եթե հաջողի, կշարունակվի ևս 3 տարի. Այսպիսով՝ ծրագրի հիմքում ընկած է երկարաժամկետ համագործակցություն»,- ասաց Պամելա Բուրգերը:
Վիեննայի հատուկ կանխարգելման և արևադարձային բժշկության ինստիտուտի՝ մոլեկուլային մակաբուծաբանության խմբի ղեկավար Յուլիա Վալոքնիկը մեզ հետ զրույցում ասաց, որ ակնկալում են հետաքրքրություն առաջացնել տարբեր կազմակերպությունների շրջանում և գտնել հետագա համագործակցողներին:
Նշենք, որ ծրագիրը կբարձրացնի մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները՝ մեղմելու կլիմայի փոփոխության ազդեցությունը բնության և մարդու առողջության վրա: Այն նպատակ ունի ստեղծելու ազդանշանային համակարգ՝ վանելու մակաբույծների, վարակիչ պաթոգենների տարածումը: Ծրագրի շրջանակում անդրադարձ կլինի վայրի բնության պահպանման, գյուղատնտեսության, կենդանիների բարեկեցության և հանրային առողջության ընդհանուր թեմաներին: