- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 08, 2019 | 16:00
Կրթություն
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» թեմայով դասախոսություն-քննարկում, որը կազմակերպել էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը՝ ի դեմս Լիանա Մկրտչյանի։
Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» դասախոսություն-քննարկումն անցկացրին մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակից Նաիրա Մարությանը:
Հանդիպմանը ներկա էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիանա Մկրտչյանը, տարբեր կուրսերի ուսանողներ։
Միջոցառման սկզբում մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ողջունեց ներկաներին ու խոսեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, նրա անհրաժեշտության և գործունեության հիմնական ուղղությունների մասին․ «Ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ազգային հաստատությունները մարդուն այլընտրանքի հնարավորություն են տալիս»։
Բանախոսը հարցուպատասխանի միջոցով ներկաներին տեղեկացրեց աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր մարմինների, դրանց դերակատարության, իրավասությունների ու գործառույթների մասին։
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հզորության աստիճանը խոսում է նաև այդ երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության մակարդակի մասին, այսինքն՝ այն համարվում է ցուցիչ»,- ասաց Ս․ Ղազինյանը։
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն առանձին գլուխ է հատկացված, ինչը վկայում է մարդու իրավունքների պաշտպանի՝ սահմանադրական ինստիտուտ լինելու մասին։
Ուսանողների հետ ինտերակտիվ դասախոսության միջոցով բանախոսը դիտարկեց մի քանի դեպքեր, երբ կարելի է ու պետք է դիմել մարդու իրավունքների պաշտպանին։ Ուսանողները տեղեկացան նման դեպքերում ՄԻՊ-ին դիմելու ձևի և հետագա քայլերի մասին։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակից Նաիրա Մարությանն իր դասախոսությունը սկսեց փախստականների, բռնի տեղահանվածների կյանքի մասին հոլովակի ցուցադրությամբ և ասաց, որ այսօր աշխարհում 70 միլիոնից ավելի բռնի տեղահանված մարդ է ապրում։
«Այս խնդիրը մեկ պետություն լուծել չի կարող։ Այստեղ պետք են համատեղ ջանքեր բոլոր պետությունների կողմից։ Մեր պետությունը նույնպես իր դերն ունի այս զարգացումների մեջ»,- ասաց Ն․ Մարությանն ու նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ պաշտոնական տվյալների, քսան-քսաներկու հազար սիրիացիներ է ընդունել իր տարածքում, որոնց գրեթե 90 տոկոսը որպես կարգավիճակ ընտրել է ՀՀ քաղաքացիությունը։
Բանախոսը տեղեկություն տվեց նաև փախստականի կարգավիճակ ձեռք բերելու, փախստականների համար պատասխանատու մարմինների և նրանց հետ տարվող աշխատանքների, փախստականների իրավունքների ու պարտավորությունների մասին։
Դասախոսության վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին հյուրերին։
Մարինա Առաքելյան