- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏԻՎ Է». ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՒՄ Է 5-ՐԴ ԱՆԳԱՄ
Նոյեմբեր 09, 2021 | 14:33
«ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏԻՎ Է». ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՒՄ Է 5-ՐԴ ԱՆԳԱՄ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի հրաձգարանում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարության հանրապետական 22-րդ մարզական խաղերի ծրագրով նախատեսված հրաձգության (5 տղա և 5 աղջիկ կազմով) մրցաշարը, որտեղ ԵՊՀ թիմը 5-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել:
ԵՊՀ հրաձգության թիմը, որի մարզիչն է Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Վլադիմիր Ավագիմյանցը, հետևյալ կազմով գրավեց առաջին հորիզոնականը՝ Տելեմակ Թադևոսյան, Եղիշե Ավագյան (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ), Հակոբ Ավետիսյան (Քիմիայի ֆակուլտետ), Կարեն Գիժլարյան, Դավիթ Յանիկյան (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ), Նվարդ Գաբրիելյան (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ), Դանիելա Գաբրիելյան (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ), Անգելինա Սայադյան (Կենսաբանության ֆակուլտետ), Անտոնյան Լիլիթ (Կենսաբանության ֆակուլտետ), Միլենա Սաֆարյան (Ֆիզիկայի ֆակուլտետ):
Հարկ է նշել, որ աղջիկների անհատական պայքարում հրաձիգներ Նվարդ Գաբրիելյանը և Անտոնյան Լիլիթը գրավել են 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը:
Հրաձգության թիմի գրանցած հաղթանակների մասին զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, մարզիչ Վլադիմիր Ավագիմյանցի հետ:
- Պարո՛ն Ավագիմյանց, ինչպե՞ս հինգ տարի անընդմեջ կերտել հաղթանակի պատմություն:
- Ինչպես գիտեք, մեր թիմում հավաքվել են ուսանողներ տարբեր կուրսերից և ֆակուլտետներից:
2016 թվականից հրաձիգ ուսանողների թիվն անընդհատ փոփոխվում է՝ ամեն տարի համալրվելով նոր ուսանողներով, որոնց աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ մենք շարունակում ենք նորանոր հաղթանակներ գրանցել:
Մեր թիմում գրեթե բոլոր ուսանողները կրթությունը համատեղում են աշխատանքի հետ, չնայած այդպիսի զբաղվածությանը՝ հասցնում են հրաձգության դասերին հաճախել, լինել պատասխանատու և նվիրումով մոտենալ այս մարզաձևին:
ԵՊՀ-ի պատիվը բարձր պահելու նրանց ցանկությունն ինձ համար մեծ նշանակություն ունի, և մեզ համար մեծագույն պատիվ է համալսարանը ներկայացնել հանրապետական ամենահեղինակավոր մարզական մրցաշարերից մեկին և բարձր արդյունքներ գրանցել:
Կարծում եմ, որ հենց այս «լիցքն» է մեզ օգնում ամեն անգամ նոր հաղթանակներ գրանցել:
Բացի դրանից՝ թիմում փոխօգնության, տարբեր իրավիճակներում միմյանց կողքին կանգնելու, աջակցելու մթնոլորտ է ձևավորվել, ինչն ինձ էլ ավելի է ուրախացնում:
- Ինչպե՞ս կգնահատեք աղջիկների ցուցաբերած ակտիվությունն այս սպորտաձևում:
- Կարող ենք արձանագրել, որ տարիների ընթացքում այդ ակտիվությունն ավելացել է:
Հիմա արդեն տղաներն ու աղջիկները հավասար մասնակցում են մարզումներին, իսկ երբեմն էլ աղջիկների մասնակցությունը կարող է գերազանցել տղաներինը:
Այս ամենից զատ՝ ինձ ուրախացնում են մրցաշարերի ժամանակ աղջիկների գրանցած բարձր արդյունքներն ինչպես թիմային, այնպես էլ անհատական պայքարում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն ուսանողներին, որոնք նույնպես ցանկանում են հրաձգությամբ զբաղվել:
- Ես խորհուրդ կտամ ուսանողներին առաջին հերթին լսել սեփական սրտի ձայնին և ընտրել այն մարզաձևը, որի շարժումն ու դինամիկան ամենից շատ են սիրում:
Միայն այդ դեպքում է հնարավոր նշանակալի հաջողություններ գրանցել՝ անկախ նրանից, թե խոսքը որ մարզաձևի մասին է:
Պետք է նշեմ նաև, որ առանձնահատուկ կարևորություն ունեն այն բոլոր սպորտաձևերը, որոնք սովորեցնում են մարդուն պաշտպանել իր ունեցած ամենաթանկ բանը՝ սեփական կյանքը:
Մենք ունենք ուսանողներ, որոնք, չնայած իրենց խիտ գրաֆիկին, միշտ ժամանակ են գտնում հրաձգության համար, և ես հույս ունեմ, որ այդ սիրո ու նվիրումի շնորհիվ այդ մարդիկ վաղը դառնալու են բարձրակարգ մասնագետներ՝ մարդկային բարձր արժեքներով օժտված: