- Գլխավոր
- Նորություններ
- «ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԲՈՒՀԵՐԻՑ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվար 15, 2019 | 20:30
Հասարակություն
«ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԲՈՒՀԵՐԻՑ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում գիտական համայնքի ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչ մոտեցումներով կարելի է պայքարել գրագողության դեմ:
Հանդիպման սկզբում ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ քննարկման առանցքում գրագողությունն է, որը, թվում է, թե հայտնի երևույթ է, բայց մյուս կողմից՝ այսօր հստակ սահմանում չունի:
ՀՀ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը նշեց, որ հանդիպման նպատակն է քննարկել և հասկանալ, թե որն է գրագողությունը, ինչպես նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը զբաղվելու է երևույթի սահմանման, կանխարգելման և դրա դեմ պատժի չափորոշիչների մշակմամբ:
«Երբ այս թեմայով զրուցում ենք տարբեր ոլորտների մասնագետների հետ, պարզվում է, որ ընկալումները տարբեր են: Օրինակ՝ շատերը կարծում են, որ եթե գիտական աշխատանքի միայն 25 %-ն է պլագիատ, ապա այն գրագողություն չի համարվում: Կամ իմ պատկերացմամբ, եթե աշխատանքի 75 %-ը գոնե սեփական շարադրանք չէ, ապա գրագողություն է, բայց կան աշխատանքներ, որոնցում մեջբերումները շատ են և գերազանցում են 25 %-ը: Աշխատանքներ էլ կան, որոնց մեծ մասը վերաշարադրված են. հիմա դրանք համարվո՞ւմ են գրագողություններ, թե՞ ոչ: Այսինքն՝ հստակ սահմանումներ և չափորոշիչներ չկան»,- պարզաբանեց Սմբատ Գոգյանը:
ԲՈԿ-ի նախագահը փաստեց, որ կարևոր է պատժի մեխանիզմների մշակումը. «Պետք է հասկանանք, թե ովքեր են պատասխանատու և ովքեր պետք է պատժվեն: Մեզ մոտ կան ատենախոսություններ, որոնք մերժվում են գրագողության հիմքով, և շատ ժամանակ չանցած՝ ստանում ենք նոր ատենախոսություն, որի գիտական ղեկավարն այն նույն մարդն է, որը ղեկավարում էր մերժված աշխատանքը: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող է ղեկավարը չհասկանալ, որ աշխատանքում առկա է գրագողություն: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ գրագողության դեպքում ոչ միայն հեղինակն է մեղավոր, այլև գիտական ղեկավարը»:
Սմբատ Գոգյանի կարծիքով, գրագողության համար մեղավոր են նաև ամբիոնի աշխատակիցները, որտեղ հաստատվում են թեմաները. «Այսինքն՝ եթե կա գրագողություն, նշանակում է, որ այդ թեմայով արդեն ասելիք եղել է: Եղել է ամբիոն, որը մեկ տարվա ընթացքում 50 հայցորդ է ընդունել, իսկ այդ քանակությամբ գիտական թեմա հաստատելն արդեն գրագողության ռիսկ է ենթադրում»:
Հոգեբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը նշեց, որ գրագողություն է համարում, երբ վերցվում է միտքը, սակայն հղում չի տրվում: Խոսելով գիտական ղեկավարների պատասխանատվության մասին՝ պարոն Խուդոյանը փաստեց, որ նախկինում ասպիրանտի գրագողության մասին ղեկավարը կարող էր և չիմանալ. «Եթե կանոնակարգով որոշվի նրանց էլ պատժել, ապա պատասխանատվությունն անշուշտ կմեծանա»:
Սմբատ Գոգյանը ներկայացրեց նաև այն ձևաչափը, որը ցանկանում են ներդնել ատենախոսների պաշտպանության ժամանակ. «Մենք ուզում ենք, որ այժմ ընդունված «սև» ընդդիմախոս գաղափարը որպես այդպիսին վերանա, բայց լինի պորտալ, որտեղ կստեղծվեն Հայաստանի բոլոր հայցորդների պրոֆիլները: Այդ կայքում կներբեռնվեն աշխատանքները, որոնց վերաբերյալ էլ յուրաքանչյուր գիտնական կկարողանա կարծիք գրել: Դրանք տեսանելի չեն լինի, բայց պաշտպանությունից որոշ ժամանակ առաջ գիտական քարտուղարը կընտրի դրանցից որոշները և կներկայացնի պաշտպանությանը: Ընդ որում՝ այնպես ենք ուզում անել, որ պորտալի միջոցով պատահականորեն ընտրվի նաև հանձնաժողովի նախագահը»:
ԲՈԿ-ի նախագահի կարծիքով, պորտալի գործարկմամբ հնարավոր կլինի բացառել սուբյեկտիվ շատ տարրեր: ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը փաստեց, որ նախքան պորտալի ստեղծումը շատ հարցեր պետք է քննարկվեն և պարզաբանվեն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ թե որքան ժամանակ առաջ ատենախոսը պետք է ծանոթանա կարծիքներին, որ կարողանա պատասխան տալ:
Քննարկման ժամանակ գիտնականներից մեկը կարծիք հայտնեց, որ գրագողությունը ոչ միայն գրի գողությունն է, այլև գաղափարի. «Երբեմն գրագողությունը շատ քողարկված ձևով է իրականացվում: Մտքի սկզբում հեղինակները հղում են տալիս, ապա շարունակում վերաշարադրված ձևակերպումներով՝ կարծիք ստեղծելով, թե ներկայացնում են իրենց սեփական վերլուծությունը»:
Պարոն Գևորգյանի կարծիքով, գրագողության հիմքում գողությունն է, որը պետք է պատժվի. «Գրագողությունը քրեորեն պատժելի արարք է, բայց կարծում եմ՝ պետք է հստակ չափորոշիչներ մշակենք մեր համայնքի ներսում: Օրինակ՝ հեղինակները, որոնք գրագողությամբ են զբաղվել, պետք է զրկվեն պաշտոնից կամ պետք է խոչընդոտվի նրանց կարիերայի աճը»:
Մասնագետներից մեկի կարծիքով, գրագողության դեմ պետք է պայքարել՝ զուգահեռաբար խթանելով ակադեմիական ազնվությունը. «Այսինքն՝ ուսանողներին դեռևս բակալավրից պետք է խրախուսել գրել ազնիվ: Մեզ մոտ պետք է զարգացնենք նաև քննադատության մշակույթը»:
Գիտնականների հավաստմամբ, պետք է լինեն հստակ ուղեցույցներ, պետք է կազմակերպվեն դասընթացներ, որոնց ընթացքում կբացատրվեն, թե ինչ է գիտական աշխատանքը, ինչպես է այն կազմվում, որ դեպքերն են համարվում գրագողություն: Սմբատ Գոգյանը փաստեց, որ ԲՈԿ-ում կա նման նախաձեռնություն, որը կիրականացվի մոտ ապագայում:
Քննարկման ընթացքում բոլորը համակարծիք էին, որ տարբեր գիտական աշխատանքների համար տարբեր մոտեցումներ պետք է լինեն. «Մենք չենք կարող նույն որակի աշխատանք պահանջել կուրսայինի, դիպլոմայինի և ատենախոսության դեպքում»:
ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Հարությունյանի կարծիքով, գրագողությունները չպետք է ատենախոսությունների պաշտպանության վերջին փուլում բացահայտվեն. «Մինչ այդ ատենախոսները հրապարակում են հոդվածներ, որոնք գրախոսվում են: Իսկ ատենախոսությունը հոդվածների համագումարն է: Պետք է դեռևս հոդվածների հրապարակման ժամանակ բացահայտվեն գրագողությունները»:
Քննարկման ավարտին գիտական համայնքի ներկայացուցիչներ ցանկություն հայտնեցին միանալ մասնագիտական խմբին և համատեղ մշակել գրագողության դեմ պայքարի վերաբերյալ նորմատիվ ակտեր:
Քնար Միսակյան