- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԿՈՍ ՏՈՒԼԻՈՍ ՑԻՑԵՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ԼՈՒԿԻՈՍ ՍԵՐԳԻՈՍ ԿԱՏԻԼԻՆԱՅԻ». ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 28, 2018 | 14:54
Կրթություն
«ՄԱՐԿՈՍ ՏՈՒԼԻՈՍ ՑԻՑԵՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ԼՈՒԿԻՈՍ ՍԵՐԳԻՈՍ ԿԱՏԻԼԻՆԱՅԻ». ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի և ՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ դատախաղ՝ նախատեսված առաջին կուրսեցիների համար:
Դատախաղը կազմակերպվել էր «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն» դասընթացի շրջանակում: Ինչպես մեզ հետ զրույցում փաստեց Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ և դասախոս Կարեն Ամիրյանը, դատախաղի հիմնական նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել իրավական մտածողություն, իրավական ճիշտ դատողություն և տրամաբանական խոսք կառուցելու հմտություններ:
«Բոլորս էլ գիտենք, որ իրավաբանները հանդես են գալիս հանրային խոսքով, դրա համար էլ մենք փորձում ենք հենց առաջին կուրսից ուսանողների մոտ գործնականում զարգացնել ճիշտ և գրագետ խոսք կառուցելու հմտությունները»,- ասաց Կարեն Ամիրյանը:
Ըստ բեմադրության՝ ուսանողները մասնակցում էին Հին Հռոմի սենատի դատավարությանը, որտեղ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը հանդես էր գալիս ընդդեմ Լուկիոս Սերգիոս Կատիլինայի: Սենատը բաժանվել էր երկու հիմնական խմբի. մի մասը կարծում էր, որ մեղադրյալին պետք է պատասխանատվության ենթարկել, իսկ մյուս մասը գտնում էր, որ պետք է արդարացնել կամ գոնե առավել մեղմ պատժի արժանացնել: Ի վերջո, սենատը որոշեց Կատիլինային մահապատժի չենթարկել, այլ՝ ցմահ ազատազրկման:
Կարեն Ամիրյանը փաստեց, որ ուսանողներին նախապես տրամադրված իրավիճակն իրական փաստերի վրա է հիմնված՝ գեղարվեստական և իրավական երանգների խտացմամբ, որ ուսանողներին ավելի հետաքրքիր լինի:
Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ՈՒԽ իրավական հանձնաժողովի փոխնախագահ Կարոլինա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա արդեն իր կողմից կազմակերպված 7-րդ դատախաղն էր: Ըստ նրա՝ դրանք օգնում են ուսանողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում և նոր գիտելիքներ ձեռք բերել:
Կարոլինա Հարությունյանը վստահեցրեց, որ այս միջոցառումները կարող են հիմք հանդիսանալ հետագայում համապետական և միջազգային դատախաղերին մասնակցելու համար:
Քնար Միսակյան