- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ «PLAY-OFF» ՓՈՒԼԸ
Հոկտեմբեր 16, 2018 | 14:55
Ուսանողական
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ «PLAY-OFF» ՓՈՒԼԸ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնում այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնության «Play-off» փուլը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի ու Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ից անցկացվում է ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնություն, որին մասնակցում են 17 ֆակուլտետներից 200 ուսանողներ:
Խմբային լարված և դիտարժան խաղերից հետո իրենց ուժերը փորձեցին Արևելագիտության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աստվածաբանության, Հայ Բանասիրության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների ուսանողները:
Միջոցառման պատասխանատու, Ռոմանագերմանական բանասիրության երրորդ կուրսի ուսանող Արտյոմ Հարությունյանը նշեց, որ թիմային խնդիրներ առաջանում են այն ֆակուլտետներում, որոնցում փոքրամասնություն են կազմում տղաները:
Արևելագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արմեն Շիրինյանը փաստեց, որ այս առաջնությունը տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ խաղալ: «Play-off» փուլը մեկնարկեց արևելագետների և իրավագետների խաղով, որն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների:
ՀՖՖ մրցավար Միհրան Կուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողներն առավելագույնս պատրաստված են խաղերին. «Շատ հաճելի մթնոլորտ է, գեղեցիկ խաղ, թիմերը հարգանքով են վերաբերվում միմյանց»:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 19-ին տեղի կունենա առաջնության եզրափակիչ խաղը:
Անգին Խաչատրյան