- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՐԱՎՈՒՆՔԸ ԲԱՆԱԿՈՒՄ». ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ
Հոկտեմբեր 07, 2019 | 15:58
Հասարակություն
«ԻՐԱՎՈՒՆՔԸ ԲԱՆԱԿՈՒՄ». ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարարությունում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Իրավունքը բանակում» կլոր սեղան-քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Մաղաքյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գարեգին Առաքելյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանը, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Մեզ համար շատ կարևոր են ուսանողների հետ հանդիպումները, ինչպես նաև կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելը հատկապես Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար, քանի որ մենք ՀՀ զինված ուժերում իրավագիտակցության դերի բարձրացման խնդիր ունենք»,- ընդգծեց Գ. Բալայանը:
Նրա տեղեկացմամբ, տարբեր երկրների զինված ուժերում մարդու իրավունքների հիմնահարցի վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն վաղուց դադարել է զուտ պաշտպանական գերատեսչությունների խնդիր լինելուց և դիտարկվում է ավելի լայն՝ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության համատեքստում:
Ասվածի հավելումը, ըստ Գ. Բալայանի, ՀՀ ՊՆ-ում մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ստեղծումն էր, որն իր գործառույթներով նպաստում է առաջնային խնդիրների լուծմանն ու վերացմանը:
Բացման խոսքից հետո ոլորտի մասնագետները ներկաներին իրազեկեցին կենտրոնների գործառույթների, իրականացրած աշխատանքների մասին, ինչպես նաև ներկայացրին իրենց փորձը:
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն անդրադարձավ կենտրոնի գործունեությանը, գործիքակազմին, ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գծին և գրանցած նկատելի արդյունքներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանն էլ խոսեց ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղեկություններն անմիջապես հաղորդելու և հասարակության վստահությունը չխարխլելու մասին:
«Ցանկացած ուշացում կարող է խարխլել հասարակության վստահությունը բանակի նկատմամբ, ինչն անում է մեր հարևան պետությունը»,- ընդգծեց Ռ. Մարիկյանը:
Հանդիպման ընթացքում ուսանողների և ոլորտի մասնագետների միջև նաև քննարկում ծավալվեց:
Նրանք խոսեցին զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և քաղաքական չեզոքության կարևորության մասին:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը նշեց, որ դրա լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում. «Համակարգային լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային համալիր ծրագիր մեր հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացման համար, որը կվերացնի չարաշահումներն ինչպես զինվորական, այնպես էլ հասարակական կյանքի այլ ոլորտներում»:
Խոսելով ՀՀ զինված ուժերի մարտունակության մասին ՝ Վ. Այվազյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության ոլորտը մշտապես եղել է մի օազիս, որի հաջողությունը պայմանավորված է եղել հաղթանակած բանակով, ազատագրված տարածքներով և դրանց պաշտպանությամբ:
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները նույնպես հանդես եկան զեկուցումներով:
Նրանք ներկայացրին ՀՀ զինված ուժերի սահմանադրական կարգավիճակը Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակ, թմրադեղերի, ալկոհոլային խմիչքների ունեցած ծանր հետևանքները բանակում և այլն:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու Դավիթ Ղարիբյանը, որը միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր, նշեց, որ նմանաբնույթ կլոր սեղան-քննարկումներն ուսանողներին նոր գիտելիքներով են զինում, ինչպես նաև իրազեկում են ոլորտում առկա թափուր աշխատատեղերի մասին. «Եվ իհարկե, սա լավագույն օգնությունն էր ապագա զինվորներին, քանի որ նրանք զորակոչվելու են բանակ՝ իրենց իրավունքներին ծանոթ և տեղեկացված»:
Նշենք նաև, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ որպես շնորհակալության արտահայտում, նմանօրինակ միջոցառումների կազմակերպմանը պատրաստակամություն ցուցաբերելու և աջակցելու համար հուշանվեր հանձնեցին ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Անգին Խաչատրյան