- Գլխավոր
- Նորություններ
- «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ
Հունիս 26, 2019 | 14:40
Կրթություն
«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՀՀԻ-ի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում գործող եզակի հարթակ է, որն առաջարկում է տարբեր գիտակարգեր ընդգրկող առարկաների ուսուցում, ոլորտի լավագույն մասնագետների ներգրավվածություն, մասնագիտական պրակտիկա հայազգի և օտարերկրյա մասնագետների հետ, արտալսարանային մասնագիտական հանդիպումներ, ասպիրանտական կրթություն, ինչպես նաև հետազոտական աշխատանքի փորձառություն մասնագիտական գրականությամբ և սարքավորումներով հագեցած լսարաններում:
Մինչև դիպլոմներ հանձնելը ծրագրի շրջանավարտներին շնորհավորեցին ԵՊՀ ՀՀԻ-ի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը, Ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանն ու Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ծրագրի դասախոս Վահրամ Պետրոսյանը։
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ ձեր կուրսը մեծ մասամբ հաջողությամբ հաղթահարեց այս ճանապարհը։ Հույս ունեմ, որ այն նոր ճանապարհը, որը պետք է սկսվի, այն նոր գիտելիքները, որոնք ստացաք այստեղ, համադրաբար նպաստելու են ավելի մեծ հաջողությունների հասնելուն։ Այսօր դուք դառնում եք Երևանի պետական համալսարանի մագիստրոսներ։ Հույս ունեմ, որ սա նոր նվաճումների կարևոր սկիզբն է դառնալու»,- իր խոսքը եզրափակեց Մ․ Հովհաննիսյանը։
Շնորհավորական խոսքերից հետո ԵՊՀ պատմության թանգարանում ուսանողներին տրվեցին «Ցեղասպանագիտություն» մասնագիտացմամբ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ մագիստրոսի դիպլոմները:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանում արդեն մեկնարկում է 2019-2020 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրին (տրվում է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ:
Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն):
Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ։