- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մարտ 15, 2019 | 17:06
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհիներ Վիկտորյա Հակոբջանյանը և Տաթև Մարտիրոսյանը փետրվարի 15-18-ը մասնակցել են Կիևում տեղի ունեցած «Ես հասարակական գործիչ եմ» խորագրով սեմինարին:
Ամենամյա սեմինարին մասնակցում են Հայաստանի և Ուկրաինայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և բուհերում ակտիվ գործունեություն ծավալող ուսանողները՝ քննարկելու երկու երկրների քաղաքացիական հասարակության խնդիրները և քաղաքական իրադրությունները:
Սեմինարն իրականացվում է Ուկրաինայում Արևելյան գործընկերության ներկայացուցիչ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ծրագրերի շրջանակում:
Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհիները պատմեցին, որ սեմինարի առաջին օրը «Greencubator-Network» ՀԿ-ի համակարգող Ռոման Զինչենկոն հանդես է եկել դասախոսությամբ՝ մասնակիցներին ներկայացնելով սոցիալական փոփոխությունների ոլորտում հաղորդակցության տեսական ու գործնական կարևոր դրույթները:
Սեմիանարի երկրորդը օրը մասնակիցներն այցելել են Ուկրաինայում հասարակական կազմակերպությունների կոալիցիա, որի ընթացքում ծանոթացել են 83 հասարակական կազմակերպությունների համագործակցության գաղտնիքին, որը նպատակաուղղված է սոցիալական բարեփոխումների հասնելու համար:
Այնուհետև սեմինարը շարունակվել է հայաստանյան մասնակիցների զեկուցմամբ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի ներքաղաքական վիճակը, արտաքին հարաբերությունները, մեդիայի կարգավիճակը և հասարակական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում:
Մեզ հետ զրույցում Վիկտորյա Հակոբջանյանը և Տաթև Մարտիրոսյանը փաստեցին, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել զեկուցումներին. «Հայաստանի ներքաղաքական վիճակը և արտաքին հարաբերությունները ներկայացնելիս պետք էր այնպես անել, որ չգիտակցված կամ չմտածված խոսքով չվնասեինք երկրի հեղինակությանը: Մենք արել ենք ամեն ինչ՝ առավելագույնս օբյեկտիվ ներկայացնելու փաստերը՝ ելնելով նաև մեր մասնագիտությունից»:
Ուսանողուհիների հավաստմամբ, սեմինարը բավականին հետաքրքիր էր, քանի որ իրենք հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ ունեն. մագիստրատուրայի առաջին կուրսում սովորող Վիկտորյա Հակոբջանյանն աշխատում է հասարակական կազմակերպությունում, իսկ 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Մարտիրոսյանն ավելի քան 7 տարի է, ինչ կամավորական աշխատանքներ է իրականացնում այդ ոլորտում:
Բացի վերը նշված թեմաներից՝ Հայաստանի մասնակիցները ներկայացրել են նաև երկրի մշակույթը. «Քանի որ փետրվարի 16-ը համընկել էր Սուրբ Սարգսի տոնի հետ, մեր նոր ընկերներին ծանոթացրինք տոնի պատմությանն ու դրա խորհրդին»:
Սեմինարի երկրորդ օրն ամփոփվել է «Idea Office» կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Յավորսկիի դասախոսությամբ, որը ներկայացրել է ամենից արդյունավետ եղանակները, թե ինչպես կարելի է որոշումն իրականացնելու հեռանկարներից մինչ դրա կատարելագործման ընթացքը համագործակցել ակտիվիստների և պետական մարմինների հետ:
Ծրագրի երրորդ օրը նախագծերի կառավարման փորձագետ Լյուդմիլա Սամչուկը մասնակիցներին ծանոթացրել է նախագծի պլանավորման և իրագործման արդյունավետ եղանակներին: Այնուհետև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելենա Սոտնիկը խոսել է խորհրդարաններում երիտասարդների ներկայության կարևորության մասին և պատմել իր փորձառության ու դժվարությունները հաղթահարելու ուղիների մասին:
Ուսանողուհիների հավաստմամբ, սեմինարը բավականին արդյունավետ և ուսուցողական է եղել:
Քնար Միսակյան