- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐԱՏՈՒՆԿ ԾԱՌԵՐԸ՝ 100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ. ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՐՑԱԽՈՒՄ
Ապրիլ 05, 2019 | 22:00
Հասարակություն
ՆՈՐԱՏՈՒՆԿ ԾԱՌԵՐԸ՝ 100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ. ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՐՑԱԽՈՒՄ
Այսօր մեկնարկել է համալսարանականների եռօրյա այցը դեպի Արցախ, որի առաջին օրը նշանավորվեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում ԵՊՀ 100-ամյակի պուրակի հիմնադրմամբ:
Ավանդական դարձած ծառատունկն ունի երկար տարիների պատմություն։ Ամեն տարի այն նվիրվում է նշանակալի և պատմական որևէ կարևոր իրադարձության: Եվ պատահական չէ, որ այս անգամ, հիմք ընդունելով 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձությունը՝ համալսարանի հիմնադրումը, իրենց ձեռքերով հիմնադրած պուրակը նվիրեցին այդ կարևոր իրադարձությանը:
Բերձորյան նորաստեղծ պուրակի հիմնադրմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ և ուսանողներ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ համալսարանականներն այս տարածաշրջանում՝ հայրենիքի այս անգին հատվածում, ավելի քան 9600 ծառ են տնկել: Նրա հավաստմամբ, Բերձորում համալսարանականների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տարին երկու անգամ կազմակերպվում է ծառատունկ:
«Սա մի գեղեցիկ ավանդույթ է, որի սկիզբը դրել է Գուրգեն Մելիքյանը: Մենք հպարտ ենք, որ մեր ծառերն ունենք այստեղ՝ մեր ձեռքով տնկած, որոնք զարդարում են այս ճանապարհը և բարիք տալիս Բերձորի մեր հայրենակիցներին: Ծառ տնկելը մեծագույն բարիք է, երջանկություն: Ուզում եմ, որ այսօր բոլորդ մի ծառ տնկեք և դրանով օրհնեք ոչ միայն այս հողը, այս ջուրը, այլև ընդմիշտ կապվեք մեր հայրենիքի այս չքնաղ վայրի հետ»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Բարի ավանդույթի համաձայն` ծառատունկը Լևոն-Զավեն Սյուրմելյանի հայտնի բանաստեղծության տողերով օրհնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը. «Պատիվ է հայրենի հողը զարդարելը, քոչվորը երբեք չի զարդարում, նա կտրում է ծառը: Ոմանք մեր հայրենիքում քոչվորի նման են ապրում, որովհետև հատում են անտառը, իսկ դուք զարդարում եք հայոց հողը, որը հավիտենական է»:
Համալսարանականներն իրենց ծառը տնկեցին Բերձորում և այդ առաքելությամբ իրենց ներդրումն ունեցան նորաստեղծ պուրակի հիմնադրման գործում: Համալսարանականները եղան նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակում և նոր ծառեր տնկեցին այնտեղ:
Հիշեցնենք, որ ավանդույթ դարձած ծառատունկին աջակցում է նաև «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը` ի դեմս Գուրգեն Մելիքյանի: