- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մարտ 25, 2019 | 16:53
Հասարակություն
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ այսօր համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում դասադուլ էին կազմակերպել՝ hաջակցություն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Քալանթարյանի, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:
Դասադուլին մասնակցող ուսանողները պահանջում էին, որ Էդգար Քալանթարյանը մնա ֆակուլտետում և շարունակի դասավանդել:
Իրավիճակը պարզելու համար ուսանողների հետ խոսեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալներ Կարեն Նահապետյանը և Ժակ Մանուկյանը:
Նրանք դասադուլ անող ուսանողներին առաջարկեցին ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար տեղափոխվել Պալեանների անվան դահլիճ, բայց ուսանողները չհամաձայնվեցին:
Վերջիններս վճռեցին ոչ մի տեղ չգնալ և սպասել պարոն Քալանթարյանին:
Քիչ ուշ ուսանողներին ներկայացավ նաև պարոն Քալանթարյանը:
Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց ուսանողներին ցուցաբերած աջակցության համար, այնուհետև մեկնաբանեց ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ իր՝ աշխատանքից ազատվելու դիմումը չի մակագրվել, շարունակելու է դասավանդել ֆակուլտետում՝ զբաղեցնելով նախկին պաշտոնը:
Հիշեցնենք, որ ուսանողների դասադուլի դրդապատճառը ֆեյսբուքյան օգտատեր-ուսանողի գրառումն էր, որտեղ Էդգար Քալանթարյանի աշխատանքից ազատվելը ներկայացվում էր որպես փաստ, ընդ որում՝ այդ դիմումն իբրև թե պարտադրված է եղել ֆակուլտետում առկա «կոալիցիայի» կողմից: Տեղի ունեցածն էլ, ըստ երևույթին, թյուրիմացության հետևանք էր: