- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ, ՌՈՒՍ ԵՎ ՎՐԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հոկտեմբեր 26, 2018 | 16:12
Կրթություն
ՀԱՅ, ՌՈՒՍ ԵՎ ՎՐԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոն էին ժամանել Մոսկվայի Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Սպանգենբերգը, Վրաստանի Իլիայի պետական համալսարանի գիտաշխատող Մարիամ Գաբելաիան, ուսանողներ՝ Նատիա Բարատելին և Գիորգի Իանկոշվիլին:
Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը նշեց, որ ամբիոնի լաբորատորիայում հյուրերը հոկտեմբերի 14-25-ը համատեղ իրականացրել են ժայռային մողեսների քրոմոսոմների ուսումնասիրություն։
Նշենք, որ համատեղ ուսումնասիրությունը իրականացվում է ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից իրականացվող «Ժայռային մողեսների միջտեսակային հիբրիդների մեյոզի ուսումնասիրությունը» թեմայով ծրագրի շրջանակում:
Այս ծրագրի ռուսական կողմի ղեկավարը Վիկտոր Սպանգենբերգն է, իսկ հայկական կողմի ղեկավարը՝ Մարինե Առաքելյանը:
Մ. Առաքելյանը նշեց, որ չնայած կենդանիների հիբրիդացման ուսումնասիրման զգալի փորձին, դեռևս բաց են միջտեսակային հիբրիդների վերարտադրողական մեկուսացման հիմնական ձևերի որոշման խնդիրները. «Ուսումնասիրությունն ուղղված է ժայռային մողեսների կուսածին տեսակների և հիբրիդների մեյոզի առանձնահատկությունների պարզաբանմանը՝ ծնողական տեսակների համեմատ։ Ծրագիրն ընդգրկում է նաև ժայռային մողեսների մոդելային պոպուլյացիաներում տեսակառաջացման վաղ փուլերի հետազոտություն»։
Ամբիոնի վարիչը հավելեց, որ Վրաստանից ժամանած ուսանողները կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում իրականացված փորձի ընթացքում սովորեցին պատրաստել քրոմոսոմային պատրաստուկներ ժայռային մողեսների ոսկրածուծից և փայծաղից. «Ուսումնասիրությունների նպատակը ողնաշարավորների ցանցաձև էվոլյուցիայի արագ ընթացող տեսակառաջացման մեխանիզմների բացահայտումն է: Ծրագրի շրջանակում բջջագենետիկական հետազոտություններն իրականացվում են Կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում, քանի որ այն առաջատար տեղ է զբաղեցնում հիբրիդացման եղանակով տեսակառաջացման և Կովկասյան ժայռային մողեսների ցանցաձև էվոլյուցիայի ուսումնասիրության հարցում»:
Մարինե Առաքելյանի խոսքով, համատեղ իրականացվող հետազոտությունները նպաստում են փորձի փոխանակմանը և համագործակցության ընդլայնմանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան