- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԱՐԱ ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ԷՐ
Հոկտեմբեր 18, 2018 | 16:35
Հասարակություն
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԱՐԱ ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի շրջանակում այսօր ուսանողների հարցերին պատասխանեց Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը:
«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքն ուսանողներին հնարավորություն է տալիս դասերից դուրս հանդիպելու իրենց սիրելի դասախոսներին և նրանց հղելու տարաբնույթ հարցեր:
Հանդիպումները բաղկացած են երեք մասից. առաջին մասում հանդիպման հյուրին տրվում են բլից հարցեր, որոնք առնչվում են նրա սիրելի զբաղմունքներին ու նախընտրություններին, երկրորդ հատվածում հնչում են մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցեր, երրորդ հատվածում էլ արդեն հանդիպման մասնակիցներին է հնարավորություն տրվում ուղղելու հարցեր հյուրին:
Միջոցառման առաջին հատվածում Արա Գաբուզյանը, պատասխանելով հարցերին, ասաց, որ հաջողակ թիվ չունի, սիրելի սպորտաձևը թեթև ատլետիկան է, նախընտրած գույնը կապույտն է, սիրելի ուտելիքը՝ խորովածը, սիրելի վայրը՝ Պարզ լիճը: Պարոն Գաբուզյանը որևէ կարգախոս չունի, պարզապես ապրում է՝ հետևելով բարոյական նորմերին և սեփական սկզբունքներին. «Պիտի այնպես ապրես, որ խիղճդ չտանջի քեզ»:
Արա Գաբուզյանն ուսանողներին պատմեց, որ իրավաբան դառնալու համար կոնկրետ որևէ իրադարձություն որոշիչ չի եղել. պարզապես մանկուց հետաքրքրվել է դետեկտիվ պատմություններով և ինքնըստինքյան հայտնվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Հանդիպման հյուրը հիշեց, թե ինչպես է որպես դասախոս առաջին անգամ լսարան մտել: «Հիշում եմ, որ շատ լավ նախապատրաստվել էի, բայց չգիտեմ, թե որքանով ստացվեց զարմացնել ուսանողներին»,- ժպիտով պատմում է Արա Գաբուզյանը:
Հյուրը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, պատմեց իր գործունեության, սիրելի զբաղմունքների, նախընտրելի գրական ու երաժշտական ոճերի մասին և այլն:
Ի դեպ, հանդիպման յուրաքանչյուր հյուր հարց է ուղղում հաջորդ հյուրին՝ նախօրոք չիմանալով, թե ով է նա: Նախորդ հանդիպման հյուրը Անահիտ Մանասյանն էր, ով հարցրել էր, թե մյուս հյուրը որ արժեքն է ամենից շատ գնահատում մարդու մեջ, ինչին Արա Գաբուզյանը պատասխանեց՝ ազատությունը:
Քնար Միսակյան