- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ 69-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հուլիս 08, 2019 | 13:50
Կրթություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ 69-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ, Ա. Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի կրտսեր գիտաշխատող Սուսաննա Գագինյանը հունիսի 29-ից հուլիսի 6-ը մասնակցել է Գերմանիայի Լինդաու քաղաքում կայացած՝ ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրների 69-րդ համաժողովին («69th Lindau Nobel Laureate Meeting»):
Մեզ հետ զրույցում Սուսաննա Գագինյանը պատմեց, որ համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից 580 երիտասարդ գիտաշխատող և 40 Նոբելյան մրցանակակիր: Սուսաննա Գագինյանը համաժողովին մասնակցել է Գիտության կոմիտեի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Նշենք, որ համաժողովի միակ հայ մասնակիցը եղել է ԵՊՀ ասպիրանտը:
Համաժողովի ընթացքում Նոբելյան մրցանակակիրները ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները, որից հետո շփվել են երիտասարդ գիտաշխատողների հետ: Հանդիպումների ընթացքում Նոբելյան մրցանակակիրները պատասխանել են երիտասարդ գիտնականներին հետաքրքրող տարաբնույթ հարցերին:
Երիտասարդ գիտնականների և Նոբելյան մրցանակակիրների անհատական շփումների նպատակով կազմակերպվել են նաև ճաշ և զբոսանք: Երիտասարդ մասնակիցները նախապես նշել են, թե համաժողովին մասնակից որ Նոբելյան մրցանակակրի հետ են ցանկանում ճաշել և զբոսնել: Սուսաննա Գագինյանն ասաց, որ ինքը ճաշել է Նոբելյան մրցանակակիր Ա. Բ. Մքդոնալդի (Arthur B. McDonald) հետ, որը հայտնագործել է նեյտրինոյի օսցիլացիան, ինչը ցույց է տվել, որ նեյտրինոն ունի զանգված:
ԵՊՀ կրտսեր գիտաշխատող Ս. Գագինյանը, խոսելով իր տպավորությունների մասին, նշեց, որ Նոբելյան մրցանակակիրների հետ շփման ընթացքում ստացել է նոր գիտելիքներ, որոնք իրեն կծառայեն մասնագիտական ոլորտում գիտական աշխատանքներ իրականացնելիս:
Ըստ Սուսաննայի՝ համաժողովին մասնակցելու առավելություններից էր այն, որ նա ձեռք է բերել ֆիզիկայի բնագավառում բազմաթիվ նոր ընկերներ, որոնց հետ հետագայում ակնկալում է համագործակցել:
Նադեժդա Տեր-Աբրահամյան