- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ ԼԻԼԻԹ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Հուլիս 22, 2022 | 10:50
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ ԼԻԼԻԹ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառման, ինչպես նաև լավագույն փորձի տարածման նպատակով կազմակերպված «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի՝ այս տարվա մրցանակակիրներից է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանը: Նրա հետ զրուցել ենք դասավանդման մեթոդների, մրցույթին մասնակցելու և այլ թեմաների շուրջ:
Արդեն երրորդ տարին է՝ ԵՊՀ դասախոսներն ստանում են դասավանդման գերազանցության մրցանակ: Ընտրություն կատարելիս առաջնահերթությունը տրվում է ուսանողների կարծիքին ու վերջին հինգ տարվա ընթացքում նրանց շրջանում կատարված հարցման արդյունքներին:
Բնական գիտությունների հանդեպ սերը մեր զրուցակցին բերել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, որտեղ դասավանդում է արդեն 15 տարի:
«Նա բացառիկ և անկրկնելի է՝ որպես մարդ, ընկեր, դասախոս ու գիտնական։ Լիլիթ Գաբրիելյանի դասախոսությունները մշտապես հագեցած, ինֆորմատիվ և հետաքրքիր են: Նա կարողանում է առավելագույնս կառավարել դասապրոցեսը և դրանում ներգրավել ողջ լսարանին: Լիլիթ Գաբրիելյանը մշտապես մոտիվացրել է մեզ և էլ ավելի մեծացրել մեր սերը գիտության նկատմամբ». այսպես են նկարագրում ուսանողները սիրելի դասախոսին, ով դասավանդման բազմաբովանդակ մեթոդների շնորհիվ կարողանում է սիրելի դարձնել գիտությունը:
Լիլիթ Գաբրիելյանը ժպիտով ու ոգևորությամբ է խոսում իր ուսանողների մասին՝ մրցանակը համարելով իր աշխատանքի լավագույն գնահատականն ու արդյունքը: Վստահ է՝ աշխատանքում որակ ակնկալելուց առաջ պետք է սեր ներդնել։
Դասավանդման տարիների փորձը Լ. Գաբրիելյանին բերել է այն համոզման, որ ուսանողները դասախոսի հետ շփման առաջին իսկ պահից անմիջապես զգում են վերջինիս պատրաստված լինելը: ԵՊՀ դասախոսն անչափ կարևորում է լսարանից դուրս կազմակերպվող քննարկումները, ինչպես նաև լրացուցիչ գործնական աշխատանքներ իրականացնելը։
«Ես հաճախ եմ փորձում ուսանողներին ներգրավել առողջ քննարկումներում. նրանք բավականին պատրաստված են, քաջատեղյակ գիտության զարգացումներին և հաճախ հետաքրքիր հարցադրումներ են կատարում»,- պատմում էր Լ. Գաբրիելյանը:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտը պնդում է, որ դասախոսները, անկախ դասավանդման առարկայից, պետք է հետևեն գիտության նորարարություններին ու հայտնագործություններին:
Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ իրեն մեծ էներգիա են փոխանցում ուսանողները։
«Երբ մտնում եմ լսարան ու տեսնում նրանց վառվող աչքերն ու հետաքրքրությունն առարկայի հանդեպ, ցանկանում եմ փոխանցել առավելագույնը, զինել նոր գիտելիքներով, օգնել նրանց մեծ հաջողությունների ճանապարհին»,- նշում էր ուսանողների սիրելի դասախոսը:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է՝ ըստ հաստատված ընթացակարգի. ստեղծվում է հանձնաժողով, ներկայացվում են պահանջվող փաստաթղթերն ու նյութերը, այնուհետև հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված հայտերը և ըստ անվանակարգերի` որոշում մրցույթի հաղթողներին:
Կարինե Հովհաննիսյան