- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՆ ԹԱՖԹՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Հուլիս 13, 2022 | 12:46
Կրթություն
Գիտություն
ԱՄՆ ԹԱՖԹՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
«ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» գիտակրթական հետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Տալիաֆերոն՝ յուրովի ներկայացնելով նեոդասական ռեալիզմի տեսությունը։
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Ջ․ Տալիաֆերոն ներկայացրել է նեոդասական ռեալիզմի մեթոդոլոգիան և իմացաբանությունը, որոնք պրոֆեսորն ուսումնասիրել է դեռևս 1990-ական թվականներից։ Պրոֆեսորն ընդգծել է, որ նեոդասական ռեալիզմը տարբերվում է ռեալիզմից, կոնստրուկտիվիզմից, միջազգային հարաբերությունների և պետությունների վարքագիծը մեկնաբանող մյուս տեսություններից:
Տեսաբանն անդրադարձել է պետությունների վարքը որոշող հիմնական գործոնին՝ միջազգային հարաբերությունների համակարգին, ինչպես նաև ներկայացրել մյուս՝ ներքին գործոնները։
«Ի տարբերություն կառուցողական ռեալիզմի ու լիբերալիզմի տեսությունների՝ նեոդասական ռեալիզմը չի կարող միայնակ գործել միջազգային հարաբերություններում»,- ասել է Ջ․ Տալիաֆերոն։
Դասախոսության ընթացքում, կարևորելով միջազգային հարաբերությունները մեծ պետությունների ու գերտերությունների տեսանկյունից, պրոֆեսորն անդրադարձել է նաև միջազգային հարաբերությունների վարքագծին՝ Հայաստանի նման փոքր պետությունների համար:
Նշենք, որ պրոֆեսորի հետազոտությունները վերաբերում են անվտանգության ուսումնասիրություններին, միջազգային հարաբերությունների տեսությանը, միջազգային պատմությանն ու քաղաքականությանը, գերտերությունների ռազմավարություններին և կիբերանվտանգությանը։
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ, հյուրեր։ Հանդիպման վերջում ներկայացված թեմայի շուրջ ծավալվել է քննարկում:
Հիշեցնենք, որ «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» գիտակրթական հետազոտական կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել վերջերս՝ Երևանի պետական համալսարանի և «Krisp» ընկերության կնքած հուշագրի համաձայն: