- Գլխավոր
- Նորություններ
- ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԲԻԹՆԻԿՆԵՐ
Փետրվար 05, 2019 | 16:05
Մշակույթ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԲԻԹՆԻԿՆԵՐ
Անվերջ թվացող երկու աշխարհամարտերից հետո երիտասարդների մոտ ծավալվում են զանազան շարժումներ: Այսօր, հետադարձ հայացք նետելով դեպի 1950-60-ականներ, շատերը մատնանշում են միայն հիփիներին՝ որպես երիտասարդական ապստամբության կրող: Հիփիներից առաջ եղել են բիթնիկները: Հենց բիթ-սերունդն է ճանապարհ բացել հիփիների ու ռոքնռոլի համար:
Բիթնիկ բառի «beat» արմատը թարգմանաբար նշանակում է զարկ, ռիթմ: Բիթ (beat) արմատից և նիկ (nik) ածանցից բաղադրված բիթնիկ բառի ստեղծման պատմությունն առնչվում է բիթ-սերնդի առաջնորդ Ջեք Քերուակի հետ: Նա իր ««Կոտրված սերնդի» ակունքները» հոդվածում նշում է. «Հիշում եմ, թե ինչպես 1948 թվականին Ջոն Քլելլոն Հոլմսի հետ նստած պարզաբանում էինք մոլորյալ սերնդի նշանակությունը: Այդ ժամանակ ես ասացի. «Գիտեք, սա իսկապես կոտրված սերունդ է»: Զրուցակիցս, վեր թռչելով, բացականչեց. «Ճի՛շտ է, հենց այդպես»… Գուցե հենց այդ պատճառով է ինձ համար նախասահմանված կոտրված սերնդի ձայնը դառնալը»:
«Ամերիկան 1950-ական թվականներին» գրքի հեղինակ Չարլզ Վիլսի հավաստմամբ, 50-ականների վերջերին բիթնիկ ասելով նկատի ունեին բարձր օձիք ունեցող սև սվիտեր և բերետ կրող երիտասարդի՝ արվարձանային հին սրճարաններում թրև եկող և բոնգո նվագող: Այդ թվականներին նկարիչների, պոետների ու գրողների մի խումբ, որոնց թվում էին Ջեք Քերուակը, Կեն Կիզին, Ալեն Գինզբերգը, Ուիլյամ Բերոուզը, Լոուրենս Ֆերլինգետտին, իր շուրջը հավաքեց երկրպագուներին և հասարակական ու քաղաքական շփոթ մտցրեց ամերիկյան առօրյա:
Բիթնիկներին օտար էին սպառողական վարքը, իդեալականացված այն կյանքը, պարտադրվում էր մարդկանց: Աշխարհն ավելի լայն է, ավելի խորը, և հենց այդպիսի աշխարհում էին նրանք ուզում ապրել:
Նրանց ծննդավայրը համարվում է Նյու-Յորքը, բայց շարժումն իր զարգացումն է ապրել Կալիֆորնիա նահանգի հարավային մասում: Բիթնիկները հավաքվում էին սրճարաններում, ներկայացնում իրենց ստեղծագործությունները, կարդում դասականներին և արգելված գրողներին, հիանում բնությամբ և ժխտում տեխնիկական զարգացումը՝ միաժամանակ սիրելով մոտոցիկլետով և ավտոմեքենայով ճամփորդելը: Բիթնիկները գտնում էին, որ տեխնոլոգիաների զարգացման հետևանքով մարդիկ հեռանում են բնությունից, դառնում իրատես՝ կորցնելով բնատուր զգայականությունը: Նրանք մարդ-բնություն կապի վերականգնման կողմնակիցներն էին:
Սկզբում բիթնիկների շարժումը մասսայականություն չէր վայելում, բայց որոշ ժամանակ անց տարածվեցին նրանց ստեղծագործությունները, որոնցում նկարագրվում էին բիթնիկների ձգտումները՝ սոցիալ-տնտեսական խնդիրների մերժում և թմրադեղերի տարբեր փորձարկումներ:
Բիթնիկներին քննադատում էին թմրադեղերի ռոմանտիկացման համար: Նրանց ստեղծագործությունների մեծ մասում հիշատակվում է թմրադեղերի օգտագործումը, իսկ հեղինակների հուշերում՝ վկայություններ այն մասին, որ ստեղծագործել են թմրադեղերի անմիջական ազդեցության տակ:
Թմրադեղերին դիմելու դրդապատճառներից մեկն առօրյա կյանքում հաճույքի բացակայությունն էր: Բիթ-սերնդի գրականության ներկայացուցիչները ջանում էին թմրանյութն ու դրա օգտագործումը ներկայացնել որպես սովորական, ոչ տարօրինակ կամ նորմաներից շեղվող մի փաստ, որը զուտ ֆիզիոլոգիական պահանջ է: Վաղ կամ երիտասարդ բիթնիկներն օգտագործում էին թեթև, օրգանիզմին նվազագույն վնաս հասցնող թմրանյութեր, հիմնականում՝ մարիխուանա: Արդեն 50-ականներից սկսած՝ հետաքրքրություն է առաջանում ավելի ծանր թմրադեղերի հանդեպ, ինչպիսիք են ցնորածին (հալյուցինոգեն) սնկերը, հետագայում՝ ԼՍԴ-ն:
Մյուս դրդապատճառը կարելի է ավելի «ազնվական» համարել: Պատմության որոշակի փուլում թմրադեղերը սկսում են օգտագործվել որպես գիտակցականի կամ բանականի և ենթագիտակցականի դռները բացելու բանալի:
Բիթնիկները մշակութային ասպարեզում աչքի ընկան՝ առաջին հերթին գրականության մեջ նոր շունչ ու կանոնակարգ բերելով: Ամերիկյան լավագույն համալսարանների դասախոսությունները լսելով՝ նրանք ընդդիմանում էին գրականության դասական ավանդույթների շարունակությանը՝ հայտարարելով, որ գրականությունը պետք է ավելի մոտ լինի մարդկանց, նրանց զգացմունքներին, իսկ նոր ժամանակներում դասական մոտեցումները պատնեշ են գրականության և մարդկանց միջև:
Բիթ-սերնդի գրականությունն էապես տարբերվում էր. այն առաջ քաշեց որոշակի դրույթներ՝ սահմանելով բիթնիկական գրականության չափանիշները՝ ջազային ռիթմ ու իմպրովիզացիա, պարզություն: Բիթնիկ-գրողները հրաժարվում էին դադար առնել բառընտրության, կետադրության, տեսքտերի վերանայման համար:
Ամերիկյան քննադատական թևը բիթ-մշակույթը համարել է ինտելեկտուալ հիմքի բացակայությամբ ապակառուցողական, ռեգրեսիվ երևույթ: Ջոն Սիարդն իր «Ձոնվում է մարած բիթնիկներին» գրքում գրում է. «Ես սփոփում եմ ինձ հույսով՝ հաջորդ անգամ, երբ երիտասարդները կորոշեն ինտելեկտուալ շարժում կամ բողոք կազմակերպել, նախևառաջ կգնան գրադարան… Գրադարանը շարունակում է մնալ մարդկային իմաստության հիմնական աղբյուրը...»:
Քննադատի մոտեցումն այդքան էլ հիմնավորված չէ, քանի որ Գինզբերգը հաճախ հիշատակում է Բլեյքին, Ուիթմենին («Ուիթմենը հարատև մնալու է այն լեռը, որի մեծությունն ամբողջովին չի կարող գիտակցվել»), Բերոուզը՝ Վորդսվորտին, Քերուակը՝ Գյոթեին («Ես շարունակում էի գրել, քանզի իմ կուռքը Գյոթեն էր, և ես հավատում էի արվեստին՝ հուսալով մի օր ստեղծել «Ֆաուստի» երրորդ հատվածը…») և այլն:
Բիթ-գրականության ձևավորման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն Թ. Էլիոթը, Էդգար Պոն, իսկ տեսական մակարդակում՝ Տրիստան Տցարան (դադիզմ), Անդրե Բրետոնը (սյուրռեալիզմ), Անտոնեն Արտոն (դաժանության թատրոն) և այլք:
Բիթնիկական գրականության լավագույն ավանդները կենտրոնացած են Ալան Գինզբերգի «Ոռնոց» պոեմում, Ջեք Քերուակի «Ճանապարհին» և Ուիլյամ Բերոուզի «Մերկ նախաճաշ» վեպերում: Այս 3 ստեղծագործությունները համարվում են ամերիկյան գրականության կարևորագույն ձեռքբերումներից: Այս ստեղծագործությունները երբեք միանշանակ գնահատական չեն ստացել, բոլոր ժամանակներում եղել են և՛ քննադատողներ, և՛ պաշտպանողներ: Մի մասի համար բիթնիկներն ուղղակի թափառական, հակագեղագիտական թմրամոլներ էին, իսկ մյուսների համար՝ ազատության գրողներ:
Մարի Ռաֆյան