- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ 8 ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Փետրվար 15, 2019 | 19:10
Հասարակություն
ԵՊՀ 8 ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Հանրապետության լավագույն ուսանող 2018» մրցույթի արդյունքների ամփոփումն ու անվանական կրթաթոշակների տրամադրումը:
Ամեն տարի ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթը:
Այն անցկացվում է 2 փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ առանձին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով տարբեր ոլորտների ուսանողների միջև:
Այս տարի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ 15 բուհ ներկայացնող 7 տարբեր ոլորտների 37 ուսանող, որոնցից 8-ը սովորում է ԵՊՀ-ում: Լավագույն ուսանողները պարգևատրվեցին հավաստագրերով և ՀՀ ԿԳ նախարարի կողմից սահմանված միանվագ անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ՝ 430.000 դրամ, 2-րդ տեղ՝ 315.000 դրամ և 3-րդ տեղ՝ 200.000 դրամ:
Լավագույն ուսանողների պարգևատրման միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, տարբեր բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ և ուսանողներ:
Հյուրերին ողջունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ Վերջինս նշեց, որ նմանաբնույթ միջոցառումները հնարավորություն են տալիս կերտելու համալսարանական այն միջավայրը, որի մասին բոլորս երազում ենք։
«Սա լավագույն միջոցն է խրախուսելու ուսանողներին և գնահատելու նրանց կատարած աշխատանքը,- նշեց ԿԳ նախարար Ա. Հարությունյանը՝ հավելելով, - ուսանողակենտրոնությունը մեզ համար կարևոր ուղենիշներից է լինելու, ինչպես նաև դրականորեն մեծանալու է ուսխորհուրդների դերը»։
Նախարարը շնորհավորեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց բոլոր այն դասախոսներին, որոնք մեծ ներդրում են ունեցել լավագույն ուսանողների կայացման գործում. «Օգտագործե՛ք նոր Հայաստանում եղած նոր գործիքները, եղե՛ք ազատ, քննադատող: Մենք միասին կարող ենք կերտել մեր երազած Հայաստանը»։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վալտեր Բերբերյանը շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին և ասաց. «Այս մրցանակը ոչ միայն խրախուսող է, այլև պարտավորեցնող: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության գերխնդիրը պետք է լինի ուսանողներին ճիշտ գնահատելը, և ոչ միայն ուսանողներին, այլև մարդկանց՝ ըստ իրենց գիտելիքների, գիտական կարողությունների և հմտությունների։ Հենց այս մարդիկ կարող են մեր երկիրը դարձնել ավելի հզոր և մրցունակ տարբեր հարթակներում»:
Բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտում առաջին տեղը զբաղեցրեց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը։ Վերջինս պատմաբան, փիլիսոփա և բանասեր Նիկողայոս Ադոնցի ծոռն է։
«Ինձ համար ԵՊՀ-ն ոչ միայն ֆորմալ կրթական միջավայր է, այլև անվանի գիտնականների հետ հաղորդակցվելու հարթակ, որի շնորհիվ ուսանողը զարգացնում է իր կարողություններն ու հմտությունները»,- փաստեց Հովհաննեսը։
Հավելենք, որ մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա: Մրցույթի հանձնաժողովի կողմից հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի առաջադիմությունը (ՄՈԳ), գիտական աշխատանք կատարելու կարողություններն ու հաջողությունները (հաշվի են առնվում նրանց մասնակցությունը գիտական գիտաժողովներին, սեմինարներին ու տպագրված աշխատանքները), ինչպես նաև ակտիվ մասնակցությունը ներբուհական ուսանողական կյանքին:
Անգին Խաչատրյան