- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԳՈՐԾԵՆ ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼՍԱՐԱՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ
Դեկտեմբեր 10, 2021 | 18:34
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԳՈՐԾԵՆ ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼՍԱՐԱՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքում այսօր տեղի է ունեցել «ERASMUS+» «PRINteL» նախագծի շրջանակում ստեղծված ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ուսուցման լսարանի և դասախոսությունների ձայնագրման ստուդիայի բացման արարողությունը:
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը, Արման Մալխասյանը, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ստորաբաժանումների ղեկավարներ:
«Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ակտիվ ուսուցման լսարանը ԵՊՀ դասախոսներին ինտերակտիվ և նորարարական մեթոդներով վերապատրաստվելու հնարավորություններ է տալու: Իսկ դասախոսությունների ձայնագրային մուլտիմեդիա ստուդիան նախատեսված է տեսադասախոսությունների ու առցանց ուսումնական նյութերի պատրաստման համար: ԵՊՀ բոլոր դասախոսները կարող են օգտվել լսարանի ու ստուդիայի հնարավորություններից՝ տեսաձայնագրում, հեռահաղորդակցություն, հետադարձ կապի ապահովում և այլն»,- նշեց Արմեն Բուդաղյանը և հավելեց, որ սարքավորումները ձեռք են բերվել «ERASMUS+» «PRINteL» նախագծի միջոցներով, իսկ լսարանն ու ստուդիան կահավորվել են ԵՊՀ-ի կողմից:
Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց Որակի ապահովման կենտրոնի և «ERASMUS+» «PRINTeL» նախագծի համագործակցությունը և ընդգծեց, որ հնարավորության սահմաններում նախատեսվում է ևս մի քանի այսպիսի լսարաններ բացել Մայր բուհում. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա ուսուցման նորագույն սարքավորումների ձեռքբերման համար, ինչը թույլ կտա տեխնիկապես հագեցնել ԵՊՀ լսարանները: Համալսարանական դասախոսներին հորդորում եմ էլ ավելի ակտիվ լինել և դասապրոցեսներում կիրառել ընձեռված հնարավորությունները: Մենք պետք է ակտիվություն ցուցաբերենք «ERASMUS+»-ի արդեն իսկ հայտարարված և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի ուղղությամբ, որոնք մեծ հնարավորություններ կարող են բացել մեր առջև: Այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում. մասնավորապես նախատեսում ենք վերապատրաստման ծրագրեր իրականացնել մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար»:
Լսարանի ու ձայնագրման ստուդիայի բացման հանդիսավոր արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծանոթացան լսարանում առկա ուսուցման ժամանակակից տեխնիկայի կարողություններին և հնարավորություններին:
Տեսակապի միջոցով ողջույնի խոսք ասաց «ERASMUS+» ծրագրերի համակարգող Լանա Կարլովան. «Կրթական այս նոր հարթակները լայն հնարավորություններ են բացում մեր առջև: Ուրախ ենք, որ այս յուրահատուկ լաբորատորիան իսկապես կծառայի մեր դասախոսներին, ուսանողներին, ինչպես նաև վարչական աշխատակիցների համար: Մեր դասախոսները կարող են ավելի հմուտ լինել, կայուն զարգացում ապահովել և կրթել երիտասարդներին: Մեծ հույս ունենք, որ այս գործընթացները շարունակական լինելու, և ԵՊՀ-ն մասնակիցն է դառնալու «ERASMUS+» մյուս ծրագրերին նույնպես»:
Մասնավորապես լսարանի և ձայնագրման ստուդիայի տեխնիկական մասն ապահովող «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետ Արամ Նիգարյանը մանրամասն ներկայացրեց լսարանում և դասախոսությունների ձայնագրման ու հեռարձակման ստուդիայում տեղադրված սարքավորումների գործառույթներն ու դրանց կիրառման հնարավորությունները:
«Այս խելացի էկրանն իսկապես մեծ հնարավորություններ ունի: Դասախոսը մատի հպմամբ կարող է էկրանի միջոցով աշխատել դասավանդվող նյութի հետ, ուղղումներ անցկացնել, կապ հաստատել ցանցում գործող այլ սարքավորումների հետ, ձայնագրել իր դասախոսությունը և տրամադրել ուսանողին: Էկրանին կցված հատուկ վահանակների միջոցով էլ ուսանողը կարող է ինտերակտիվ կերպով մասնակցել դասապրոցեսին, քվեարկել ներկայացվող նյութի օգտին կամ դեմ արտահայտվել, ինչը դասախոսին հնարավորություն կտա ընթացքում գրանցելու նաև լսարանի արձագանքը և գրաֆիկական պատկերով ստանալու տվյալների արդյունքները»,- մանրամասնեց Արամ Նիգարյանը:
Միջոցառման մասնակիցները ծանոթացան նաև դասախոսությունների ձայնագրման և հեռարձակման համար նախատեսված ստուդիայի սարքավորումների հնարավորություններին: