- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Սեպտեմբեր 23, 2019 | 17:11
Գիտություն
«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Իրավագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր՝ քննարկելու իրավագիտության զարգացման հեռանկարները և մարտահրավերները:
Միջոցառմանը ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի, ՀՀ դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հայաստանյան իրավական այլ կառույցների ու բուհերի ներկայացուցիչներ:
Գիտաժողովին մասնակցելու և զեկուցմամբ հանդես գալու համար ԵՊՀ-ում էին նաև Մոսկվայի պետական համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավագյանը, նույն համալսարանի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական հսկողության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լենոիդ Գոլովկոն, Նոթինհեմի Թրենթ համալսարանի պրոֆեսոր, իրավ. դոկտոր Պաոլա Մոֆֆաթը և ԳՊՀ ռեկտոր, իրավ. գիտ. դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը գիտաժողովի մեկնարկին փաստեց, որ օրվա խորհուրդը ԵՊՀ հարյուրամյակն է, իսկ գիտաժողովի գումարման շարժառիթը հենց այդ փաստն է:
«Մեր ժողովրդի դժվարին, մաքառումներով լի պատմությունն ունի նաև լուսավոր կետեր, որոնցից կարևորագույններից մեկը, անկասկած, հարյուր տարի առաջ ԵՊՀ հիմնադրումն է: Իհարկե, աշխարհում շատ են ավելի հին, ավանդույթներով հարուստ համալսարանները, սակայն եթե նկատի ունենանք, թե երբ և ինչպիսի պայմաններում է հիմնադրվել ԵՊՀ-ն, ինչ պատմական առաքելություն է իրականացրել հայ ժողովրդի կյանքում և ինչ դերակատարություն ունի այսօր մեր պետության կայացման ու զարգացման գործում, պատկերն ամբողջությամբ պարզ կլինի»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նրա հավաստմամբ, այսօր էլ համալսարանը՝ որպես ակադեմիական կառույց, կարևոր դերակատարություն ունի մեր ժողովրդի կյանքում ոչ միայն որպես բուհ, այլև՝ ազգային արժեք. «Կարծում եմ՝ այսօր պետք է երախտիքի խոսքեր ուղղել բոլոր այն մարդկանց, որոնց անձնուրաց ու անխոնջ աշխատանքի շնորհիվ 100 տարվա ընթացքում կայացել և իր այսօրվա բարձունքին է հասել ԵՊՀ-ն, և որից ճյուղավորվել է Հայաստանի բուհական համակարգը»:
Անդրադառնալով գիտաժողովի խորագրին՝ Գագիկ Ղազինյանը փաստեց, որ այն պատահական չէ ընտրված. «21-րդ դարը լուրջ մարտահրավերներ առաջ քաշեց հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որոնցից զերծ չմնաց նաև իրավագիտությունը»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը, այդ մարտահրավերներից առանձնացնելով քաղաքականությունը, նշեց, որ մինչև նախորդ հարյուրամյակի վերջն իրավագետներին թվում էր, թե իրավունք և քաղաքականություն հարաբերակցության հարցը բնական իրավունքների և իրավաբանական աշխարհայացքի ու մտածողության համատեքստում ընդմիշտ լուծված է՝ ի օգուտ իրավունքի գերակայության և իրավագիտության:
«Սակայն, ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական զարգացումները ցույց են տալիս, որ իրականությունն այսօր մի փոքր այլ է: Իրավագիտությանը սպասվում են փորձություններ, որոնք պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ իրավաբանական կրթության և գիտության կազմակերպման ու զարգացման հարցում»,- նշեց Գագիկ Ղազինյանը՝ փաստելով, որ այսօրվա գիտաժողովը կարելի է դիտել որպես փորձ՝ ակադեմիական դաշտում պատասխանելու մասնագիտության առջև ծառացած մարտահրավերների մի մասին:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկանն ասաց, որ գիտաժողովը ծրագրված էր լինելու շատ ավելի ներկայացուցչական, սակայն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով միջոցառմանը չեն կարողացել մասնակցել գործընկերներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և ՌԴ-ից. «Սակայն համոզված եմ, որ այդ հանգամանքը չի խանգարի, որ միջոցառումն անցնի գիտական պատշաճ մակարդակով»:
Միջազգային գիտաժողովին, բացի արտասահմանյան հյուրերից և ԳՊՀ ռեկտորից, զեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Հրայր Ղուկասյանը ու Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը:
Զեկուցումների շրջանակում քննարկվեցին թեմաներ՝ կապված իրավագիտության մարտահրավերներին, քաղաքական համակարգի բարեփոխման և սահմանադրական-պետական կարգավորմանը, ՀՀ-ում քրեական արդարադատության զարգացման արդի միտումներին, ՀՀ-ում սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության քաղաքացիադատավարական կառուցակարգերի զարգացման հիմնախնդիրներին և այլն:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը փաստեց, որ գիտաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին ժողովածուով և հասանելի կլինեն բոլորին:
Քնար Միսակյան