- Գլխավոր
- Նորություններ
- «ԷՄԻՐԱԹՑՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ: ԱՄԷ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՄԱԴ ԲԻՆ ՍԱՐԱՅԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբեր 16, 2019 | 18:01
Հասարակություն
«ԷՄԻՐԱԹՑՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ: ԱՄԷ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՄԱԴ ԲԻՆ ՍԱՐԱՅԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամիին և ԱՄԷ համալսարանի հասարակագիտական ֆակուլտետի դասախոս Համադ բին Սարային, որը հանդես եկավ դասախոսությամբ:
Դասախոսությունից առաջ հյուրերը հանդիպել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ և քննարկել համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆակուլտետի և ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության միջև հաստատված համագործակցությունը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են առաջիկայում մանրամասնորեն ուրվագծել հետագա քայլերը՝ առավել արդյունավետ և նպատակային համագործակցություն հաստատելու համար:
Դեկանի հետ հանդիպման ժամանակ Համադ բին Սարայն Արաբագիտության ամբիոնին է նվիրել իր հեղինակած գրքերը, որոնցից մեկի մեծ մասը նվիրված է հայոց պատմությանը:
Դասախոսության մեկնարկին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Արևելագիտության ֆակուլտետը և մասնավորապես Արաբագիտության բաժինը յուրատեսակ գործառույթ է իրականացնում՝ կամրջելով Հայաստանը և արաբական աշխարհը:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ գործընթացի դրսևորումներից մեկն այսպիսի դասախոսության անցկացումն է: Ուսանողների համար կարևոր է հենց մասնագետից ստանալ տեղեկություններ այն տարածաշրջանի մասին, որն ուսումնասիրում են: Նրանցից յուրաքանչյուրը վաղը կարող է մեծ ներդրում ունենալ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ երկու ժողովուրդների հաղորդակցման գործում կարևոր դեր ունի հանրային դիվանագիտությունը. «Արևելագիտության ֆակուլտետը պատրաստակամ է իրականացնելու տարբեր ձևաչափերով միջոցառումներ՝ նպաստելով երկու ժողովուրդների շփմանը»:
Մեզ հետ զրույցում նա ասաց նաև, որ Համադ բին Սարայի «Էմիրաթցու ինքնությունը և նրա սոցիալական և պատմական արմատները: ԱՄԷ պատմություն և քաղաքականություն» խորագրով դասախոսության թեման նախապես քննարկվել և հստակեցվել է ամբիոնում:
«Ինչպես գիտեք, այս տարի ԱՄԷ-ում հայտարարված է որպես հանդուրժողականության տարի, որի շրջանակում մեր ուսանողները եղել են ԱՄԷ-ում: Այսինքն՝ կարելի է ասել, որ այս դասախոսությունը փոխադարձ այցի շրջանակում կազմակերպված միջոցառում է»,- ասաց Արթուր Իսրայելյանը:
Պրոռեկտորի հավաստմամբ, ԵՊՀ արաբագիտության ամբիոնը Հայաստանում արաբագիտության առաջատար օջախն է և պատրաստակամ է ստանձնելու ոլորտի զարգացման պատասխանատուի դերը:
«Ամբիոնը համալրել է իր գիտական ներուժը: Մենք արդեն ունենք լեզվակիր դասախոս, որի աշխատանքները մեծապես նպաստում են ամբիոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Բացի դրանից՝ ամբիոնը համագործակցում է նաև ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների հետ և համատեղ կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ, որոնք կօգնեն հասնելու նախանշված նպատակներին»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Իսրայելյանը:
Դասախոսության ընթացքում Համադ բին Սարայն անդրադարձավ ԱՄԷ-ի պատմությանը, աշխարհագրական դիրքին, խոսեց ծոցի ափին գտնվելու հետևանքների, դրանով պայմանավորված արևմուտքի և արևելքի երկրների միջև հաստատված հարաբերությունների մասին: Նա ներկայացրեց էմիրաթցիների ծագման պատմությունը, բացատրեց, թե որոնք են նրանց ինքնության բաղադրիչները:
Համադ բին Սարայը փաստեց, որ էմիրաթցիների ինքնությունը կազմում են լեզուն, կրոնը, ավանդույթներն ու սովորույթները. «Ես դասախոսության այսօր եկել եմ ազգային հագուստով, որպեսզի օրինակով ցույց տամ, թե ինչպես են էմիրաթցիները պահպանում իրենց ինքնությունը»:
Համադ բին Սարայն ասաց, որ էմիրաթցիների ինքնությունը փոխանցվում է սերնդեսերունդ՝ նույնիսկ բանավոր կերպով՝ երգերի, պատմությունների միջոցով: Նրա հավաստմամբ, կան նաև ժեստեր, որոնք վկայում են էմիրաթցու ինքնությունը, որոնցից է, օրինակ, քթով բարևելը:
Դասախոսության ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու լեզվակրին:
Քնար Միսակյան