- Գլխավոր
- Նորություններ
- «K2-18 B» ԷԿԶՈՄՈԼՈՐԱԿԸ, ՈՐԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՋՈՒՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ԿԱՐՈՂ Է ԲՆԱԿԵԼԻ ԼԻՆԵԼ
Սեպտեմբեր 19, 2019 | 13:33
Հասարակություն
«K2-18 B» ԷԿԶՈՄՈԼՈՐԱԿԸ, ՈՐԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՋՈՒՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ԿԱՐՈՂ Է ԲՆԱԿԵԼԻ ԼԻՆԵԼ
Աստղագետները 2015 թ. առաջին անգամ ջուր են հայտնաբերել «K2-18 b» էկզոմոլորակի մթնոլորտում, որը պտտվում է կարմիր գաճաճ աստղի շուրջ և վերջինից «բնակելի» տարածության վրա է գտնվում, ինչը մեծացնում է մոլորակի վրա կյանքի առկայության հավանականությունը:
Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) գիտնականների մի խումբ 2016 թ. հայտարարեց, որ հայտնաբերել է Երկիր մոլորակի նման մոլորակ, որը գտնվում է Երկրից 111 լուսային տարի հեռավորության վրա:
Ըստ www.bbc.com կայքի՝ «Proxima b»-ից հետո «K2-18 b»-ը բարեխառն կլիմա ունեցող երկրորդ էկզոմոլորակն է (արտաարեգակնային մոլորակ, որը պտտվում է Արևից տարբերվող աստղի շուրջ), որի վրա հայտնաբերված ջուրը և բարենպաստ ջերմաստիճանը նշանակում են, որ մոլորակի վրա հնարավոր է ապրել:
Նախկինում աստղագետները ջուր հայտնաբերել էին նաև այլ մոլորակներում, որոնք, սակայն, գտնվել են բնակելի գոտուց դուրս, իսկ ջերմաստիճանը շատ ցածր է եղել կամ չափազանց բարձր՝ կյանքը պահպանելու համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature Astronomy» ամսագրում:
Երկիր մոլորակի զանգվածից երկու անգամ մեծ «K2-18 b»-ի վրա ջերմաստիճանը 0-ից 40 աստիճան Ցելսիուսի սահմաններում է, ինչի շնորհիվ ջուրը մոլորակի վրա մնում է հեղուկ վիճակում:
Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ենթադրել, որ նշված մոլորակի մթնոլորտի մինչև 50%-ը կազմված է ջրից:
Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ջովաննա Թինեթին, որը հետազոտական խմբի անդամ է, հայտնագործությունն անվանում է «խելահեղ». «Առաջին անգամ մենք ջուր ենք հայտնաբերել մի մոլորակի վրա, որը գտնվում է բնակելի գոտում, որտեղ ջերմաստիճանը չի բացառում կյանքի առկայությունը»:
«Այս հայտնագործությունը մեզ ավելի է մոտեցնում այն հիմնարար հարցի պատասխանին, թե արդյոք Երկիր մոլորակը եզակի է»,- ասում է հետազոտության մասնակից դոկտոր Անջելոս Ցիարասը:
Թեև «K2-18 b» մոլորակի պայմանները կարող են բարենպաստ լինել կյանքի համար, այնուամենայնիվ աստղագետները շեշտում են՝ ջրի հայտնագործումը չի նշանակում, որ մոլորակի վրա կյանքը կարող է պահպանվել, քանի որ այն, հավանաբար, չունի պինդ մակերես կամ մթնոլորտ: Գիտնականների կարծիքով, նոր տիեզերական աստղադիտակները առաջիկա 10 տարում կկարողանան պարզել՝ արդյոք «K2-18 b» մոլորակի մթնոլորտում պարունակվող գազերն արտադրվում են կենդանի օրգանիզմների կողմից:
Ուսումնասիրության մասնակից դոկտոր Ինգո Վալդմանն ասում է, որ մնում է միայն սպասել 2020-ականների նոր սերնդի տիեզերական աստղադիտակներին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վերլուծել «K2-18 b» մոլորակի մթնոլորտում պարունակվող գազերի բաղադրությունը. «Սա գիտության գլխավոր խնդիրներից մեկն է: Մենք միշտ ցանկացել ենք պարզել՝ արդյոք միայնակ ենք Տիեզերքում: Հաջորդ 10 տարվա ընթացքում կարող ենք պարզել, թե մոլորակի մթնոլորտում կան քիմիական տարրեր, որոնք արտադրված են կենդանի օրգանիզմների կողմից»:
Ակնկալվում է, որ «K2-18 b»-ն դիտարկվելու է Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակով, որը գործարկվելու է 2021 թվականին, և «ARIEL» տիեզերական աստղադիտակով, որը նախատեսվում է գործարկել 2028 թվականին: Երկուսն էլ կրելու են գործիքներ, որոնք նախատեսված են էկզոմոլորակի մթնոլորտի բաղադրությունը որոշելու համար:
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը