- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՐԸ 2018 Թ. ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 11, 2019 | 15:59
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՐԸ 2018 Թ. ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Երիտասարդների դերը 2018 թ. Թավշյա հեղափոխության մեջ» խորագրով էսսեների մրցույթի մրցանակաբաշխությունը:
Մրցույթը իրականացվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և «ՍՊՖԱ» ֆրանսիական կազմակերպության համագործակցությամբ:
Միջոցառումը հովանավորել են «Ֆլանդրիայում ֆրանկոֆոնիայի զարգացման» (Բելգիա) և «Ռիշըլյո ինտերնացիոնալ Եվրոպա»(Կանադա) կազմակերպությունները:
Մրցույթին մասնակցել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և «ՍՊՖԱ» ֆրանսիական կազմակերպության ֆրանկոֆոն ակումբների ուսանողները:
Մրցույթի անցկացման, ինչպես նաև աշխատանքները համակարգելու համար ընտրվել էր մասնագիտական խումբ:
Մասնագիտական խմբի նախագահն էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, «ՍՊՖԱ» կազմակերպության Ֆրանկոֆոնիայի պատասխանատու Վարդուհի Պետրոսյանը, իսկ անդամներն էին ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանը և «ՍՊՖԱ» կազմակերպության կամավոր, ֆրանսերենի դասախոս Կլոդին Սնարսկին:
52 գրավոր աշխատանքից մասնագիտական խումբը մանրամասն ուսումնասիրել և քննել է 38 աշխատանք:Արդյունքում՝ «Երիտասարդների դերը 2018 թ. Թավշյա հեղափոխության մեջ» խորագրով էսսեների մրցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների 4-րդ կուրսի ուսանող Լիլիթ Անտոնյանը (40.000 դրամ), երկրորդ պատվավոր տեղում էր նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Աննա Ղուկասյանը (30.000 դրամ), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Վիկտորիա Փափազյանը (20.000 դրամ):
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Վարդուհի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին, մրցույթի մասնագիտական խմբի անդամներին և «ՍՊՖԱ» կազմակերպությանը համատեղ հետաքրքիր աշխատանքի համար:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արտաքին կապերի գծով փոխդեկան Արթուր Իսրայելյանը հավելեց, որ տպագրվելու և համացանցում տեղադրվելու են 3 լավագույն աշխատանքները, ինչպես նաև բոլոր էսսեներից ընտրված լավագույն հատվածները և մասնակիցներին հանձնեց մրցանակները:
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Courier d'Erevan» ֆրանսերեն էլեկտրոնային, ինչպես նաև Բելգիայում լույս տեսնող «Nouvelles de Flandre» ամսագրերում և «ՍՊՖԱ» ֆրանսիական կազմակերպության կայքում՝ http://spfa-armenie.com/