- Գլխավոր
- Նորություններ
- ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՏԻԳՐԱՆ ՉԻԼԻՆԳԻՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոկտեմբեր 30, 2018 | 10:04
Հասարակություն
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՏԻԳՐԱՆ ՉԻԼԻՆԳԻՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ysu.am»-ը զրուցեց Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ կիպրոսահայ Տիգրան Չիլինգիրյանի հետ:
Ես ծնվել ու մեծացել եմ Կիպրոսում։ Մայրս երևանցի է, հայրս՝ Վանաձորից։ Մինչև 14 տարեկան դառնալս հաճախել եմ հայկական վարժարան, ապա՝ անգլիական դպրոց։ Ցավոք, Մելգոնեան (Մելգոնեան Կրթական Հաստատութիւն, Կիպրոս-հեղ.) չկարողացա գնալ. փակվել էր։ Նախասիրություններս են պարը, լուսանկարչությունը։
«Համազգային հայ կրթական և մշակութային» հիմնադրամն ամեն տարի կազմակերպում է ֆորում, որի ժամանակ սփյուռքահայերը երեք շաբաթ անցկացնում են Հայաստանում, այցելում են տարբեր պատմամշակութային վայրեր։
Ես շատ ոգևորվեցի, սիրեցի Հայաստանը, որոշեցի գալ ու սովորել համալսարանում։
Ընտրեցի Հայ բանասիրության ֆակուլտետը, քանի որ ուզում էի հայագիտություն ուսումնասիրել:
Ես բացարձակ ոչ մի ակնկալիք չունեի Հայաստանից:
Չորսամյա կրթությունը Հայ բանասիրության ֆակուլտետում գնալով բարդանում էր։ Հայոց լեզուն դժվար էր ինձ համար, քանի որ թույլ էի ուղղագրությունից, շատ-շատ բառեր չէի հասկանում, չէի ընկալում դրանց նշանակությունը. մեծ խոչընդոտ էր, իսկ ուսուցանվող գրականությունը բազմաքանակ էր:
Իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ սկսել եմ մտքերս հայերեն արտահայտել։
Իհարկե, ես շատ եմ ոգեշնչվել, տխրել, հիասթափվել։ Բայց, այնուամենայնիվ, գերիշխում էր ոգևորությունը, քանի որ շրջապատված էի այնպիսի մարդկանցով, ովքեր իրոք մանկավարժ էին ու սիրում էին իրենց գործը։
Շատ եմ տխրել, որովհետև ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում սովորող ուսանողների 80-90 տոկոսն ընդհանրապես հետաքրքրված չէր ուսումնառությամբ. ո՛չ դաս էին անում, ո՛չ էլ՝ պարապում։ Պարզ էր, որ նրանք գալիս էին ուղղակի բարձրագույն կրթության մասին վկայող թղթի հետևից։ Հիասթափվել եմ նաև մի շարք դասախոսներից։
Մարի Ռաֆյան