- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՆ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ». ՎԱԼԵՆՏԻՆ ՆԵՆԱՅԴԵՆԿՈ
Հոկտեմբեր 24, 2022 | 17:14
Կրթություն
Գիտություն
«ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՆ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ». ՎԱԼԵՆՏԻՆ ՆԵՆԱՅԴԵՆԿՈ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում «Դիքլորոդիազադիենները որպես համընդհանուր կառուցվածքային աղյուսներ հետերոցիկլերի համար» թեմայով դասախոսություն կարդաց Մոսկվայի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալենտին Նենայդենկոն:
Դասախոսության շրջանակում օրգանական քիմիայի առաջատար մասնագետը խոսեց ռեակցիաների և սելեկտիվ մեթոդների մասին, որոնք հնարավորություն են տալիս ստեղծելու նոր մոլեկուլներ, այնուհետև՝ ուսումնասիրելու դրանց փոխազդեցությունները: «Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ. սինթեզ և ակտիվություն» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատու Վ. Նենայդենկոն անդրադարձավ նաև բարձր էներգիայով նյութերին՝ ներկայացնելով դրանց պարզագույն օրինակները:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը կարևորեց բանախոսի հետ գործակցային ամուր կապը՝ փաստելով, որ այն պահպանվում է նաև ֆակուլտետի ուսանողների հետ:
Ի նշան երկու երկրների սերտ համագործակցության ամրապնդման՝ Վալենտին Նենայդենկոն ֆակուլտետին նվիրեց գիրք, որում ներկայացված է Ռուսաստանի համալսարաններում օրգանական քիմիայի հետազոտությունների պատմությունը:
Վերոնշյալ գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նմանօրինակ այցերը միակողմանի չեն. դրամաշնորհային ծրագրի շրջանակում ԵՊՀ գիտնականները նույնպես այցելելու են Մոսկվայի պետական համալսարան: Ըստ Ա. Գալստյանի՝ փոխայցելություններն իրենց հերթին նպաստում են բուհի միջազգային ճանաչամանն ու համագործակցության շրջանակի ընդլայնմանը:
Քիմիայի ֆակուլտետի փոխդեկանը, խոսելով այսօրինակ դասախոսությունների կարևորությունից, նշեց, որ դրանք ուսանողների համար լավ հնարավորություն են լսելու միջազգային հեղինակություն վայելող, ոլորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մասնագետների: Նրա խոսքով՝ արագ զարգացող աշխարհում բարդ է նոր տեղեկատվությունը տպագիր գրքերի միջոցով տարածելը, որոնք կփաստեն ոլորտում արձանագրվող էական փոփոխությունները, իսկ այսօրինակ դասախոսությունները լրացնում են այդ բացը: Քիմիայի ֆակուլտետի փոխդեկանն ընդգծեց, որ դասախոսությունը կնպաստի գիտության տվյալ ոլորտում կատարվող հետազոտությունների հանրահռչակմանը։
Համեմատելով երկու երկրների կրթական հաստատություններում դասավանդման մեթոդները, ինչպես նաև անդրադառնալով Հայաստանում և մասնավորապես ԵՊՀ-ում ոլորտի զարգացվածությանը՝ ավելի քան 430 հոդվածի հեղինակ Վ. Նենայդենկոն մեզ հետ զրույցում ընդգծեց. «Հայաստանն ունեցել է և ունի առանցքային լուրջ դեր օրգանական քիմիայի բնագավառում: Այսօր էլ տեսնում ենք, որ ԵՊՀ գիտնականները լուրջ աշխատանքներ են կատարում ոլորտը զարգացնելու ուղղությամբ»:
Պրոֆեսորը նաև անդրադարձավ Հայաստանում նյութագիտության զարգացմանը՝ փաստելով, որ ԵՊՀ-ն ոլորտի մասնագետներ կրթելու հարցում ունի մեծ դեր և էական նշանակություն:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Ջիլիկյանը մեզ հետ զրույցում կարևորեց օտարերկրյա գիտնականի անցկացրած դասախոսությունն ուսանողների համար: Անահիտի խոսքով՝ այն նոր հետաքրքրություն առաջացրեց մասնագիտության հանդեպ և ոգեշնչող դեր ունեցավ մասնագիտական գործունեության մեջ առաջընթաց գրանցելու տեսանկյունից։
Նշենք, որ Վալենտին Նենայդենկոն ԵՊՀ էր այցելել նաև 2006 թվականին՝ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի կազմակերպման հարցերով, ապա ամրապնդելով համագործակցությունը ԵՊՀ գիտնականների հետ՝ օժանդակել է դրամաշնորհային մի շարք ծրագրերի կյանքի կոչմանը։