- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՎԱՐՍԵՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՅԳԵՁՈՐ ԳՅՈՒՂԻՑ Է
Հոկտեմբեր 30, 2018 | 14:31
Հասարակություն
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՎԱՐՍԵՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՅԳԵՁՈՐ ԳՅՈՒՂԻՑ Է
Ես ԵՊՀ ուսանողուհի Վարսենիկ Գրիգորյանն եմ:
Ծնվել եմ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում: Նախնական կրթությունս ստացել եմ տեղի դպրոցում, իսկ հիմա սովորում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում:
Միշտ ցանկացել եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փոքր տարիքում մտածում էի կամ կընտրեմ ուսուցչուհու, կամ պարուհու մասնագիտությունը: Ականջալուր լինելով ծնողներիս՝ ընտրեցի առաջին տարբերակը: Իսկ բուհի ընտրության հարցում երբեք չեմ տատանվել: Սիրում եմ ԵՊՀ-ն, իսկ պետհամալսարան ընդունվելու որոշումս կապված է թե՛ որակի, թե՛ վարկանշի հետ: Ֆակուլտետի ընտրության հարցում դիմել եմ հայրիկիս օգնությանը, որը խորհուրդ է տվել Կենսաբանության ֆակուլտետն ընտրել: Չեմ զղջում. հիմա շատ եմ սիրում իմ բաժինը: Այս ֆակուլտետում ստացած գիտելիքներս պրակտիկ են ու կիրառելի մեր գյուղում աշխատելու համար:
Որոշվել եմ, որ բարձրագույն կրթություն ստանալուց հետո ամենաքիչը գոնե մեկ տարի մեր գյուղում պետք է աշխատեմ: Մեր շրջանի դպրոցներում քիչ են մասնագետները, ինչը պայմանավորված է փոքրաթիվ դպրոցականներով և գյուղի սահմանամերձ լինելով: Մեղադրել չես կարող. համայնքների երիտասարդությունը գալիս է Երևան, որովհետև վախենում է ապրել սահմանամերձ գյուղերում:
Մեր սահմանը երկար է, ու չնայած մեր գյուղում կրակոցները հազվադեպ են լսում, բայց տատիկս տանը, որը հենց սահմանամերձ Չինարի գյուղում է գտնվում, կրակոցների ձայները միշտ շատ պարզ են լսվում: Եղել են նաև դեպքեր, որ գիշերներն ապաստարանում ենք լուսացրել: Արդեն, կարելի է ասել, սովորել եմ այս իրավիճակին ու էլ չեմ վախենում: Գնալու եմ Այգեձոր ու աշխատելու եմ կա՛մ ուսուցչուհի որևէ դպրոցում, կա՛մ փորձագետ՝ ինչ-որ գործարանում:
Պետք է ասեմ, որ ծննդավայրս թողնելն ու քաղաք գալը շատ ծանր էր ինձ համար: Առաջին կուրսում, երբ եղբորս հետ էի այստեղ ապրում, այդքան էլ դժվար չէր, բայց երբ նա զորակոչվեց բանակ, տանից հեռու լինելը կրկնակի դժվարացավ: Երևանից մեր գյուղ հեռավորությունը 280 կմ է, այսինքն` տուն հասնելու համար առնվազն պետք է 4-ից 5 ժամ: Լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ եմ գյուղ գնում, բայց շատ հաճախ միայն տոներին եմ կարողանում տանը լինել: Ճիշտն ասած, այդքան երկար ճանապարհ գնալը դժվար է, բայց եթե ճանապարհիս ընկերները հետաքրքիր մարդիկ են լինում, ապա այդ օրն ու ճանապարհը երկար եմ հիշում: Մեր գյուղ տանող ճանապարհը հաղթահարելու համար ժամանակն ամենամեծ փորձությունը չէ. եթե մութ է լինում, մեքենայի լույսեր պետք է անջատենք, քանի որ հակառակորդի սահմանից ճանապարհի որոշ հատվածներ երևում են, այսինքն՝ մենք նշանառության տակ ենք լինում: Վերջին ամիսների ընթացքում, բարեբախտաբար, վիճակը սահմանին հանգիստ է, բայց միևնույնն է վտանգ կա, քանի որ գիտեք՝ կրակում են նաև մեքենաների վրա:
Երբ հասնում եմ գյուղ, մերոնց տեսնելուց և շանս բարևելուց հետո առաջինը կանգնում եմ մի բարձր բլրի վրա ու նայում եմ իմ Այգեձորին, հիանում նրա գեղեցկությամբ, հագեցնում եմ կարոտս:
Այո՛, գյուղացիները ուսանողներին հատուկ են վերաբերվում, բոլորը մեզ շատ են սիրում: Երբ տուն ենք գնում, ծանոթ-անծանոթ դիմավորում են մեզ, գրկում են ու համբուրում: Բոլորը հետաքրքրվում են մեր դասերով, սովորելով և յուրաքանչյուրիս հաջողությամբ մեզ հետ հավասար ուրախանում:
Ես զենքից օգտվել գիտեմ: Հայրս է սովորեցրել, երբ դեռ փոքր էի: Այն ժամանակ ինձ համար պարզապես հոբբի էր որսորդական զենքով կրակելը, բայց հիմա գիտակցում եմ՝ զվարճանքի համար չէր, որ հայրս սովորեցնում էր ինձ, թե ինչպես զենք գործածել: Ճիշտ է, մեր տղաները, նույնիսկ անհրաժեշտության դեպքում, մեզ չեն թողնի առաջնագիծ գնալ, բայց պաշտպանվել իմանալն իմ պարտականությունն է:
Պատրաստեց Մարինա Առաքելյանը