- Գլխավոր
- Նորություններ
- «ԼԱՎ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ՝ ՍՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հունվար 25, 2019 | 17:59
«ԼԱՎ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ՝ ՍՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մինչհամալսարանական կրթության վարչությունը դիմորդների համար այսօր կազմակերպել էին անվճար դասընթաց «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայից:
Արդեն ավանդույթ դարձած հանդիպումների հիմնական նպատակն է ապագա ուսանողներին ներկայացնել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Բանավոր հաղորդակցման մշակույթ» քննության ընթացակարգը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեց ներկաներին ֆակուլտետի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, այնուհետև ապագա դիմորդներին ներկայացրեց ֆակուլտետի պատմության կարևոր դրվագները:
«Վարդգես Պետրոսյանը, Մարգո Մխիթարյանը, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին շրջանավարտներն են եղել: Այս մարդիկ կարողացել են իրենց ժամանակի ձայնը դառնալ և ունենալ իրենց կայուն տեղը թե՛ մարդկանց հիշողության, թե՛ ֆակուլտետի պատմության մեջ»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում պարոն Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց այն կարևոր տարեթվերը, պատմական իրադարձություններն ու մարդկանց, որոնց իմացությունը քննական գործընթացն առավել հեշտ ու սահուն կդարձնի:
«Ես կուզենայի առանձնահատուկ նշել ,որ լավ լրագրող դառնալու համար միայն մեկ ճանապարհ կա ՝ստանալ մասնագիտական կրթություն: Իսկ մասնագիտական կրթություն ստանալու այդ ճանապարհն անցնում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետով»,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց, թե որն է «Բանավոր հաղորդակցման մշակույթ» դասընթացի ուսումնասիրման առարկան:
Ելույթում պարոն Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանի գործող օրաթերթերին, առցանց մամուլին, լրատվական գործակալություններին, հանրային և մասնավոր հեռուստաընկերություններին, լրատվադաշտը ձևավորող հաղորդումներին՝ նշելով, որ վերջիններիս գործունեությանը ծանոթ լինելը կարևոր պայման է՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ապագա ուսանող դառնալու համար:
«Մեր ապագա ուսանողները պետք է իմանան, որ ունենալու են կարծիք արտահայտելու անսահմանափակ ազատություն: Մեր ֆակուլտետի ոչ մի դասախոս երբեք ուսանողի արտահայտած միտքը սխալ չի համարելու: Դասախոսի խնդիրն է Ձեզ համոզել, որ այլ մոտեցում նույնպես գոյություն ունի»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Վերջում ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:
Անի Պողոսյան