- Գլխավոր
- Նորություններ
- «ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԻՔ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ
Նոյեմբեր 29, 2018 | 13:02
Կրթություն
«ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԻՔ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը նոյեմբերի 12-16-ն այցելել է Պորտոյի համալսարան՝ մասնակցելու «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Մարինե Յաղուբյանը և Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի տարբեր բուհերից և տարբեր մասնագիտություններով դասավանդող դասախոսներ:
Ըստ մասնագետների՝ արդի ուսուցման գործընթացում լսարանային և հատկապես արտալսարանային աշխատանքներ կազմակերպելու համար տեսանյութերի պատրաստումն անխուսափելի է:
«Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման ինտենսիվ դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Պորտոյի համալսարանում կիրառվող դասավանդման քաղաքականության մանրամասներին, մասնավորապես տեսանյութեր պատրաստելու, նկարահանելու և մոնտաժելու նորագույն մեթոդաբանությանը:
Մասնակիցներն այցելել են համալսարանի մեդիա լաբորատորիաներ և ռադիոկայան` տեղում նկարահանման և ձայնագրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացել են «Panopto» նորարարական ծրագրի միջոցով արդիական դասընթացներ պատրաստելու հմտություններին և դրանց կիրառման անհրաժեշտությանը:
Աշխատանքային շաբաթը եզրափակվել է ակտիվ քննարկումներով, փորձի փոխանակմամբ, ինչպես նաև մասնակիցների նկարահանած և մոնտաժված տեսաֆիլմերի ներկայացմամբ:
Պատրաստեց Քնար Միսակյանը