- Գլխավոր
- Նորություններ
- ԲԵՐԴԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Հոկտեմբեր 24, 2018 | 16:16
Կրթություն
ԲԵՐԴԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ հայ բանասիրության, ռուս բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության, քիմիայի, աշխարհագրության և երկրաբանության, ֆիզիկայի, պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր այցելեցին Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը պարբերաբար կազմակերպում է մարզային այցելություններ, որոնց նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը:
Բերդավանի միջնակարգ դպրոց էին այցելել Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանը, Հայոց պատմության ամբիոնի դասախոս Լորենս Ուլուբաբյանը, Ռուս գրականության ամբիոնի դոցենտ Կարինե Մխիթարյանը, Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դասախոս Գոհար Շահինյանը, Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Ալվարդ Նահապետյանը, Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող Շուշանիկ Տոնոյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս Սոնա Սահակյանը, ինչպես նաև Իջևանի բնագիտական ֆակուլտետի դեկան Մանվել Զաքարյանը:
Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դասախոս Գոհար Շահինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտների հետ խոսել են ոչ միայն մասնագիտական հմտությունների, այլև համալսարանական կյանքի ու գործունեության մասին. «Աշակերտներն աչքի ընկան դասախոսությունը խորությամբ լսելու և ընկալելու ունակությամբ»:
Հայոց պատմության ամբիոնի դասախոս Լորենս Ուլուբաբյանն աշակերտներին ներկայացրեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն, իսկ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանը նրանց ծանոթացրեց հայոց լեզվի կետադրության օրինաչափություններին և զուգաձևություններին: Վերջինս հավելեց նաև, որ այս այցը ծառայեց իր նպատակին. «Մասնագիտության կողմնորոշման հարցում այս ուսուցողական այցը լավագույն օգնությունն էր աշակերտներին»:
Անգլերենի կարևորության, մասնագիտական նրբությունների մասին աշակերտներին պատմեց Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս Սոնա Սահակյանը. «Կարծում եմ՝ ցանկացած մասնագիտության համար անգլերենի իմացությունը կարևոր է»:
Համալսարանականներն աշակերտներին ներկայացրին նաև ԵՊՀ-ի ընդունելության կարգի, ուսումնական գործընթացի, փոփոխությունների վերաբերյալ որոշ մանրամասներ: