- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Հոկտեմբեր 19, 2018 | 17:27
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում:
Մարզային այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը և դեպի ԵՊՀ ուղղորդելուն:
Չարենցավանի ավագ դպրոց էին այցելել Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Զարիկ Աղաջանյանը, Պատմության դասախոս Լորենս Ուլուբաբյանը, Քիմիայի, Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների ասիստենտներ Գոհար Շահինյանը, Տիգրան Դադալյանը, Զարուհի Առաքելյանը և Գայանե Փարսադանյանը:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ասիստենտ Լուսինե Սարգսյանն ասաց, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել են համալսարանի պատմությունը, լայնածավալ գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները, աշխատաշուկայի պահանջները:
Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ասիստենտ Տիգրան Դադալյանը, խոսելով հանդիպման տպավորությունների մասին, նշեց, որ դպրոցականները շատ ակտիվ էին մասնակցում քննարկմանը և բավականին հետաքրքիր հարցադրումներ էին կատարում: «Մեր զրույցի նպատակն էր օգնել աշակերտներին հստակեցնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցերը»:
Նշենք, որ ԵՊՀ դասախոսների այցելությունները մարզերի ավագ դպրոցներ շարունակական բնույթ են կրում:
Անգին Խաչատրյան