- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Նոյեմբեր 02, 2018 | 17:27
Քաղաքականություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Համալսարանի մի քանի ֆակուլտետների դասախոսներ Մինչհամալսարանական կրթության վարչության հետ այսօր կազմակերպել էին հերթական մարզային այցելությունը:
Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրեց Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանում:
ԵՊՀ դասախոսներին դիմավորեց վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը և ուղեկցեց դպրոցի դահլիճ, որտեղ նրանց սպասում էին նախկին և ներկա շրջանավարտները, ինչպես նաև դպրոցի ուսուցչական կազմը:
Հանդիպմանը ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Լևոն Մարտիրոսյանը, Հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ Անի Մուրադյանը, Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դասախոս Գոհար Շահինյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Լիլիթ Կարապետյանը, նույն ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանը, Օրգանական քիմիայի ամբիոնի դասախոս Վիկտորիա Վարդանյանը:
Մարզային այցելության նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և իրազեկության մակարդակի բարձրացմանը:
«Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը ներկայացրեց վարժարանի պատմությունը, աշակերտների մասնակցությունն օլիմպիադաներին և գրանցած հաջողությունները:
Այնուհետև աշակերտները բաժանվեցին բնագիտական և հումանիտար խմբերի, լսեցին համապատասխան դասախոսությունները:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, գիտակրթական գործունեությունը, զարգացման հեռանկարները:
ԵՊՀ պրոֆեսոր Սամվել Մուրադյանը շեշտեց, որ ֆակուլտետը միշտ բաց է ապագա ուսանողների համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել հայ գրականության պատմությունը, հետազոտել հայտնի գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև բացահայտել հայ հեղինակների ոչ այնքան հայտնի, բայց ուշադրության արժանի գործերը:
Սերվիսի ամբիոնի դոցենտ Լևոն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ այսօր աշխատաշուկայում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունները բավականին նորաձև են դարձել, ինչը նպաստում է, որ ուսանողներն ուսումն ավարտելուց հետո շատ արագ ինտեգրվում են աշխատաշուկային:
Հանդիպման ավարտին աշակերտները ԵՊՀ ֆակուլտետներում ներկայացված կրթական ծրագրերի և մասնագիտացումների վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղեցին դասախոսներին և ստացան սպառիչ պատասխաներ: