- Գլխավոր
- Նորություններ
- «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ 2․ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ» ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
Հոկտեմբեր 09, 2019 | 14:52
Գիտություն
Հասարակություն
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ 2․ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ» ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր «Ի՞նչ անել 2․ տնտեսական հեղափոխություն․ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը և համանուն գրքի շնորհանդեսը։
Գիտագործնական խորհրդաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրների և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ հայ տնտեսագետների մտքերն ու առաջարկները:
Խորհրդաժողովին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ԵՊՀ, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի, քաղաքական ու գործարար ոլորտի ներկայացուցիչներ, տնտեսագետներ, կրթության ոլորտի փորձագետներ։
Մինչ խորհրդաժողովի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա ասաց, որ խորհրդաժողովի հիմնական նպատակն է հասկանալ ու վերլուծել Հայաստանի տնտեսական խնդիրները, ուղենշել հեռանկարները, ինչպես նաև մշակել ՀՀ կառավարության և գործարար հանրության հետ տնտեսության զարգացման համար ռազմավարական և մարտավարական ծրագրերը։
Արսեն Ղազարյանը «Ի՞նչ անել 2․ տնտեսական հեղափոխություն․ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովի բացման ժամանակ մատնանշեց, որ այն դառնում է ավանդական. «Խորհրդաժողովի հիմնական նպատակն է ստուգաբանել մեր «ինչ անելը» տնտեսական հարաբերությունների ընկալման, տնտեսության զարգացման ոլորտում»:
Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տնտեսագիտությունը, դժբախտաբար, թե բարեբախտաբար, ճշգրիտ գիտություն չէ, և կարելի է հանդիպել Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրների աշխատանքների, որոնք բացառում են մեկը մյուսի գոյության իրավունքը։
«Սա հասկանալի է հատկապես մեր օրերում, և նմանօրինակ հանդիպումները ես շատ կարևոր եմ համարում, մասնավորապես՝ մտագրոհի տեսանկյունից։ Շատ կարևոր է արձանագրել վերջին շրջանում ավելի ու ավելի բարձրաձայն հնչող այն տեսակետը, թե տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունն ու տրամաբանությունը»,- ասաց նա։
Ն. Փաշինյանի խոսքով, ժամանակակից աշխարհում ավելի շատ շեշտադրվում է այն իրողությունը, որ հանրային սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան երբեմն «չոր» թվերը և դրանց համադրությունը։
«Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքը, անհատի մոտեցումը։ Նման քննարկումները շատ կարևոր են այսօրինակ հարաբերություններն ուժեղացնելու համար։ Կարծում եմ՝ 2019 թվականին տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որ մենք ունենք, գալիս են ապացուցելու այդ թեզի ճշմարտացիությունը։ Շատ լավ տրամադրություն ու մթնոլորտ են ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը»,- հավելեց ՀՀ վարչապետը։
Ն. Փաշինյանը փաստեց, որ կան բազմաթիվ կանոնակարգումների և կարգավորումների անհրաժեշտություն, տնտեսական գործունեության հնարավորություններն ավելի ընդլայնելու, սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականներ, որոնք ՀՀ կառավարության համար առաջնահերթություն են և գաղափարական նշանակություն ունեն։
«Նման քննարկումներով պետք է հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնալ, որպեսզի լինենք առավել ճշգրիտ և արդյունավետ»,- շեշտեց նա։
Վարչապետը նշեց նաև, որ «Ի՞նչ անել 2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիրքը սկզբից մինչև վերջ կարդացել է դեռևս հուլիսին։
Խորհրդաժողովին ելույթով հանդես եկավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։ Նա ողջունեց ներկաներին և խոսեց տնտեսական հեղափոխության նկարագրի մասին. «Տնտեսական հեղափոխությունը համաշխարհային գործընթաց է։ Այսօր աշխարհն է հեղափոխվում։ Տնտեսական հեղափոխությունը կարող է ընթանալ առանց սեփականատիրական հարաբերությունների փոփոխման, որը բովանդակում է երկու տարրերի առկայություն՝ տնտեսությունում կառուցվածքային տեղաշարժեր և տնտեսությունում տեխնոլոգիական վերափոխումներ։ Այս իմաստով մենք կարող ենք արձանագրել, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում իրողություն է, և դրա գործարկման հռչակումից հետո այն ավելի է ամրագրվելու գործուն կառուցակարգերով: Տնտեսական հեղափոխությունը պետք է լինի համընդգրկուն և գործուն»։
Բացի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանից՝ խորհրդաժողովին զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տնտեսագետներ, հետազոտական և կրթական ոլորտի փորձագետներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը և «Անտարես» հրատարակչության տնօրենը։
Խորհրդաժողովը եզրափակվեց մտքերի փոխանակմամբ ու բուռն քննարկումներով։
Մարինա Առաքելյան