- Գլխավոր
- Նորություններ
- «ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ» ԱՌՑԱՆՑ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ
Ապրիլ 20, 2022 | 14:03
«ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ» ԱՌՑԱՆՑ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է Վիեննայում կայացած «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» 29-րդ դատախաղ-մրցույթին:
Թիմի կազմում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Դավիթ Ղարիբյանը, Մարիա Պետրոսյանը և Մարիա Հովհաննիսյանը: Մարզիչներն էին եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավ. գիտ. թեկնածու Գրիգոր Չոբանյանը և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Տիգրան Դադունցը:
Մրցույթի ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրելու ոլորտին առնչվող միջազգային լավագույն փորձը և ծանոթանալու ակադեմիական ոլորտում հեղինակություն համարվող անձանց, միջազգային հայտնի իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ` ստեղծելով համագործակցային կապեր:
Ճիշտ է, մեր թիմը մրցանակային տեղ չի զբաղեցրել, այնուամենայնիվ, եզրափակչի բանավոր մրցափուլում հաջող ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի առաջատար համալսարանների թիմերի դեմ և արժանացել ժյուրիի հատուկ գովասանքին:
Նշենք նաև, որ իրավագիտության ֆակուլտետի թիմը ս. թ. մարտի 4-6-ը մասնակցել էր Թբիլիսիում կայացած 11-րդ կիսաեզրափակիչ դատախաղ-մրցույթին և հաջող ելույթներ ունեցել Շվեդիայի, ԱՄՆ-ի և Վրաստանի առաջատար համալսարանների թիմերի դեմ` արժանանալով և´ արբիտրների, և´ կազմակերպիչների գովասանքին և մասնակցության որակի բարձր գնահատանքին՝ իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը վերջին տարիներին պարբերաբար մասնակցում են «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին` գրանցելով դրական արդյունքներ և դնելով նման մասնակցության շարունակականության հիմքերը: Վիլլեմ Ս. Վիսի անվան դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր մրցույթը, որի նպատակն է՝ ուսանողների շրջանում խթանել միջազգային մասնավոր իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը: