- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ԳԱՎԱԹԸ ԿՐԿԻՆ ԵՊՀ-ՈՒՄ է
Փետրվար 18, 2019 | 17:21
Հասարակություն
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ԳԱՎԱԹԸ ԿՐԿԻՆ ԵՊՀ-ՈՒՄ է
ԵՊՀ թիմը ամենահեղինակավոր «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղն ու ներկայացնելու է Հայաստանը Վաշինգտոնում։
«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի» ամենամյա մրցույթ-դատախաղը հիմնադրվել է Հարվարդի համալսարանի կողմից ու անց է կացվում ամեն տարի։ Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2000 թվականից։ Նպատակն է խթանել միջազգային իրավունքի ոլորտում իրավաբան ուսանողների կողմից ինքնուրույն հետազոտությունների և ուսումնասիրությունների կատարումը: Մրցույթին մասնակցում են գրեթե բոլոր երկրների իրավագիտական ֆակուլտետների ուսանողները։
2018 թվականի սեպտեմբերին բոլոր մասնակից թիմերը նախապես տեղեկացել են Վաշինգտոնից ուղարկված իրավական խնդրի էությանը, ուսումնասիրել միջազգային իրավունքի աղբյուրները, կազմել և՛ հայցվորի, և՛ պատասխանողի դերում հանդես գալու համար անհրաժեշտ հայցադիմումներ։ Իսկ երեկ՝ փետրվարի 17-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում տեղի է ունեցել մրցույթի միջբուհական փուլը:
Հայաստանի 4 համալսարանները (Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) ներկայացնող թիմները սկզբում մրցել են միմյանց դեմ, ու ամենաշատ միավոր հավաքած երկուսը անցել են եզրափակիչ, որտեղ ԵՊՀ թիմը հաղթող է ճանաչվել։
ysu.am-ին տված հարցազրույցում ԵՊՀ թիմի անդամ Զավեն Վարդումյանն ասաց, որ մրցույթը բավականին դժվար էր, մյուս թիմերն էլ շատ լավ պատրաստված էին։ Նա նշեց, որ Վաշինգտոնում վերջնական փուլը տեղի է ունենալու այս տարվա մարտի 29-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում։
«Պիտի շատ լավ պատրաստվենք` մեր համալսարանը, մեր երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար»,- ասաց Զավենը։
«Միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթում ԵՊՀ թիմի մարզիչ Գևորգ Պողոսյանը նշեց, որ թիմ ձևավորելը շատ մեծ ջանքեր է պահանջել։
«Թիմի անդամներին ընտրելը բավականին երկար ու ծավալուն գործընթաց էր, քանի որ հայտ էր ներկայացրել գրեթե 70 ուսանող։ Մի քանի օր տևած փնտրտուքից ու բոլորին լսելուց հետո՝ վերջապես կայացրինք մեր ընտրությունը»,-ասաց Գևորգ Պողոսյանը։
Թիմի անդամներն են Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Զավեն Վարդումյանը, նույն ֆակուլտետի մագիստարատուրայի առաջին կուրսի ուսանողուհիներ Լարիսա Գևորգյանը, Ռոզա Կարապետյանը, Աղավնի Ավետիսյանը և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Մանուկյանը։
Ինչպես նշում է թիմի մարզիչը, հաջողությունը պայմանավորված էր հենց նրանով, որ իրենք թիմ ձևավորելիս ուշադրություն են դարձրել յուրաքանչյուր անդամի անհատական հնարավորություններին:
Գևորգ Պողոսյանը պատմեց, որ մրցույթի թեմաները աշխարհում իրավագիտության ամենաարդիական խնդիրներն են, որոնք դեռևս չունեն լուծումներ։ Այս տարվա թեմաներից մեկը կենդանական ու բուսական աշխարհը վտանգի տակ դնելով՝ մարդկությանը անհրաժեշտ դեղամիջոց ստեղծելու օրինականությունն էր։
ԵՊՀ թիմը արդեն իսկ ջանասիրաբար պատրաստվում է Վաշինգտոնում կայանալիք ամենահեղինակավոր «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի վերջնական փուլում Հայաստանը ներկայացնելուն։
Մարինա Առաքելյան