- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 27, 2019 | 13:34
Հասարակություն
«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գենդերային զգայուն հետազոտություններ. մեթոդաբանություն և մարտահրավերներ» թեմայով աշխատաժողով, որը կազմակերպել էր ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը Ֆրիբուրգի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հետ համատեղ:
Նշենք, որ աշխատաժողովը Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների քարտուղարության «Գիտության և տեխնոլոգիաների» բնագավառում համագործակցության դրամաշնորհային ծրագրի մաս է կազմում։
Կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ, ինչպես նաև անդրադարձավ գենդերային զգայուն թեմաներով քննարկումների անհրաժեշտությանը:
Ելույթով հանդես եկավ Ֆրիբուրգի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Անդրեա Բոսկոբոյնիկը: Նրա հետազոտությունը վերաբերում էր լեռնային տարածքներում բնակություն հաստատողների ուսումնասիրությանը:
Նա ներկայացրեց հետազոտական թիմը, որի կազմում են մասնագետներ Իսպանիայից և Շվեյցարիայից: Ուսումնասիրվել են շվեյցարական Ալպերը և իսպանական Պիրենեյները: Դրանք տուրիստական կենտրոններ են, որոնք այժմ նաև ուրբանիզացված լեռներ են:
Ինչպես նշեց բանախոսը, սա կոչվում է էթնոգրաֆիկ իրավիճակ, որը կարող ենք պայմանավորել կենսակերպի նոր ձևերով:
Կենսակերպի միգրացիան բացատրվում է որպես ավելի լավ կյանքի որոնման գործընթաց, երբ մարդիկ որոնում են գեղեցիկ տեսարաններ, բնություն, օտար մշակույթ և էթնիկ շրջակայք: Անդրեա Բոսկոբոյնիկը լեռներում բնակություն հաստատածների բնութագրիչներից առանձնացրեց աշխուժությունը, ճկունությունը, տարասեռությունը, շարժունությունը:
Նա նշեց հետազոտության մեթոդները՝ որակական էթնոգրաֆիկ, դիտարկման և հարցազրույցի մեթոդներ:
Գենդերային թեմաների մասին խոսելիս բանախոսը ներկայացրեց, թե ինչպիսին են կանայք լեռներում:
Նշենք, որ աշխատաժողովը շարունակվելու է նաև վաղը՝ հունիսի 28-ին, և իրենց հետազոտություններն են ներկայացնելու Սիբիլ Լուստենբերգերը և Ուլրիկե Զիմերը: Վերջինս Մեծ Բրիտանիայի Վինչեսթերի համալսարանի դասախոս է և հետազոտել է հայկական սփյուռքը Ռուսաստանում, ինչպես նաև գենդերային խնդիրները Հայաստանում և Արցախում:
Մարի Ռաֆյան