- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Հոկտեմբեր 22, 2018 | 15:55
Ուսանողական
ԵՊՀ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Օրեր առաջ՝ տևական դադարից հետո, ԵՊՀ ֆուտզալի աղջիկների ֆուտբոլային թիմը վերսկսեց խաղը և դարձավ Ֆուտբոլի ուսանողական առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի ուսանողական առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին:
Թիմը կազմավորվել է Հայ բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրություն, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից: Ինչպես նախորդ խաղերում, այս անգամ ևս ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը ցույց տվեց փայլուն և դիտարժան խաղ:
Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ մեկնարկային առաջին խաղը, որի ժամանակ ԵՊՀ աղջիկներ թիմը 4:0 հաշվով հաղթեց ՀՊՃՀ աղջիկների թիմին:
Հոկտեմբերի 16-ին նշանակված էր հաջորդ հանդիպումը: Հակառակորդն այս անգամ ՀՊՄՀ-ն էր: ԵՊՀ թիմը 3 գնդակ ուղարկեց հակառակորդի դարպաս: Արդյունքում՝ 3:1 հաշվով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Եզրափակչում մրցեցին ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը: Թեժ պայքարից հետո խաղն ավարտվեց 1:1 հաշվով: ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը ճանաչվեց առաջնության հաղթող՝ մրցաշարային աղյուսակում հավաքելով 10 միավոր:
Չեմպիոնական գավաթը ստացած թիմին շնորհավորեցին երկրպագուները, ուսանողները:
Աննա Էքիզյանը թիմի լավագույն խաղացողներից է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ 2013 թվականից ԵՊՀ ֆուտզալի աղջիկների բաժանմունքի անդամ է. «Մեր պարապմունքները ընթանում են Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնում, իսկ նվաճած հաղթանակների և հաջողությունների համար պարտական ենք մեր մարզիչներին»:
Իսկ թիմային միասնականության մասին խոսեց Գոհար Բեսալյանը: Վերջինս 2015 թ.-ից թիմի անբաժան անդամներից է. «Մեր հաղթանակների գրավականը միասնությունն ու նվիրվածությունն են»:
Թիմի անդամները հույս հայտնեցին, որ հաղթանակները շարունակական են լինելու:
Անգին Խաչատրյան