- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԸ
Հոկտեմբեր 20, 2022 | 13:20
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր դասընթացներ և գիտաճանաչողական երկօրյա այցեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ապա՝ ԵՊՀ մյուս ուսանողների համար։ Այցի նպատակն էր ուսանողներին աշխատաշուկայում առկա հնարավորություններին ծանոթացնելը, դասընթացների միջոցով նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։
Հագեցած օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին «Գրագետ CV կազմելու կանոնները. ինչպե՞ս ներկայանալ գործատուին» խորագրով դասընթացին, որի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի մասնագետ Արուսյակ Սահակյանը ներկայացրեց ինքնակենսագրական գրելու հիմնական դրույթները, ապա՝ գործատուին ճիշտ ներկայանալու ձևը՝ նշելով, որ դրանք կարևոր նախապայմաններ են աշխատանքի ընդունվելու համար:
«Իմեքս գրուպ» ընկերության փոխտնօրեն, մարդկային ռեսուրսների տնօրեն Վարդուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր ընկերությունը ԵՊՀ-ի հետ համագործակցում է բավականին երկար ժամանակ: Մեզ համար շատ կարևոր է այսօրինակ գործակցությունը, քանի որ մեր թիրախը հենց ԵՊՀ շրջանավարտներն են, որոնք էլ հետագայում դառնում են մեր աշխատակիցները: Արժևորում ենք նման միջոցառումների համատեղ կազմակերպումը, քանի որ ուսանողները, ամրապնդելով գործնական գիտելիքները, կկարողանան հետագայում դրանք լավագույնս կիրառել: Կարծում եմ՝ երկուստեք կարևոր է, որ համատեղ աշխատանքը շարունակական լինի»:
Վ. Հարությունյանի ներկայացրած «Ինչպես գտնել հենց քո երազած աշխատանքը» խորագրով դասընթացի շրջանակում ուսանողները ձեռք բերեցին սեփական անձը բացահայտելուն, սահմանած նպատակներին հասնելուն և այլ հարցերին վերաբերող գիտելիքներ:
Այնուհետև «Արդշինբանկ» ՓԲԸ զարգացման և հավաքագրման բաժնի մասնագետները ներկայացրին «Դարձի՛ր բանկիր» ուսանողական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ոլորտի վերաբերյալ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, ասաց, որ այսօրինակ այց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար քանիցս կազմակերպվել է: Նրա խոսքով՝ COVID-19 համաճարակը խոչընդոտել է դրա հաճախակի իրականացումը։ Կենտրոնի փոխտնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ է նոր ծրագրեր մշակել, ինչը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու նմանօրինակ նախաձեռնություններում:
Խոսելով այցի ընձեռած հնարավորություններից՝ նա մատնանշեց կենտրոնի առջև դրված գլխավոր նպատակներից մի քանիսը, որոնց թվում՝ ապահովել գործատու-ուսանող կապը և նրանց միջև ձևավորել կայուն հաղորդակցություն:
Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանի և «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության համագործակցության շրջանակում մշտապես կազմակերպվում են ԵՊՀ ուսանողների շրջայցեր՝ դեպի Կոկա-կոլա Երջանկության գործարան։
Այս անգամ ևս ուսանողներն այցելել են գործարան, ծանոթացել ապրանքանիշին, ընկերության գործունեությանը, ինչպես նաև պատկերացում կազմել մասնագիտական աճի հնարավորությունների մասին:
Հատկանշական է, որ երկօրյա այցի շրջանակում ուսանողներն իրենց ինքնակենսագրականները փոխանցել են գործատու կազմակեպությանը, ինչը նրանց համար լավ հնարավորություն է «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունում պրակտիկ և աշխատանքային գործունեություն ծավալելու համար։