- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԻՄՆԱՅԻՆ Է ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ, ՈՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ». ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Հունիս 10, 2022 | 16:06
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ՀԻՄՆԱՅԻՆ Է ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ, ՈՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ». ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Կայացավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Շրջանավարտներից Վահե Զարգարյանի հետ զրուցել ենք ԵՊՀ-ում ստացած կրթության, ընձեռած հնարավորությունների և գրանցած հաջողություններում Մայր բուհի դերի մասին:
ԵՊՀ-ն ընձեռում է գիտելիքներն արտերկրում զարգացնելու հնարավորություն:
2014 թվականից սկսել եմ ուսումնառությունս ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետից: Շուրջ երկու տարի կրթություն եմ ստացել արտասահմանում, ապա շարունակել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
ԵՊՀ-ի տված կրթությունը լավագույնս կիրառվում է աշխատանքում:
Ճիշտ է, իմ կյանքում մեծ նշանակություն է ունեցել նաև Եվրոպայում ստացած կրթությունս, սակայն հիմնային է ԵՊՀ-ում ստացածս, որը հաջողությամբ կիրառում եմ աշխատանքում:
ԵՊՀ-ի պատերն արդեն իսկ կրթում են քեզ:
Այն միտքը, որ կրթություն ես ստանում մի կառույցում, որի պատերի ներսում կրթվել են ականավոր գործիչներ ու գիտնականներ, մեծ ուժ է տալիս սովորելու, ավելի լավը դառնալու և գիտության մեջ սեփական ավանդն ունենալու հարցում: Այսօր էլ մեր բախտը բերել է, որովհետև ֆակուլտետի դասախոսները ոլորտի լավագույն մասնագետներից են, որոնց փորձառությունն ու անցած ճանապարհը նույնպես ուսուցողական են:
Դիպլոմի գույնը ոչ թե գիտելիքի, այլ գնահատականի հարց է:
Ճիշտ է, գնահատականը կարող է խոսել գիտելիքի մասին, բայց ոչ գիտելիքի բացակայության մասին: Մեծ պատասխանատվություն ու պատիվ է Մայր բուհի ամենամեծ ֆակուլտետներից մեկը՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, գերազանցությամբ ավարտելը:
Նպատակ ունեմ ուսումս ասպիրանտուրայում շարունակելու:
Իմ հետաքրքրության շրջանակն ինտեգրացիոն կառույցներն ու գործընթացներն են Եվրոպայում, մասնավորապես գերմանախոս երկրներում: Նպատակ ունեմ այցելելու այդ երկրներ և տեղում իրականացնելու իմ հետազոտությունը:
Մարինե Մկրտչյան