- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հոկտեմբեր 19, 2021 | 15:49
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ««Լեզու և թիվ». ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման արդի մեթոդները» թեմայով դասախոսություն, որը վարում էր Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի (Մոսկվա) գիտական գծով պրոռեկտոր Միխայիլ Օսադչին:
Մինչ դասախոսությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան առանձնազրույց ունեցան, որի ընթացքում մտքեր փոխանակեցին հայ-ռուսական բուհերի համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ռուսաց լեզվի տարածման և ուսումնասիրության վերաբերյալ:
«Մենք շահագրգռված ենք ՀՀ բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացմամբ: Շատ կարևոր է, որ երկարաժամկետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման հարցում ԵՊՀ-ն իր անմիջական մասնակցությունն ունենա: Մայր բուհում իրականացվող ծրագրերը կարող են շատ օգտակար լինել ընդհանուր ռուսագիտության ոլորտի համար»,- ասաց Մարգարիտա Ռուսեցկայան և հավելեց, որ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներառվելու են ռուսագիտության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ:
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու համագործակցությունը ռուս գործընկերների հետ, ինչին կնպաստի դասախոսների փոխանակման և մասնագիտական որակավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը ներկայացրեց հյուրերին, որից հետո Միխայիլ Օսադչին անդրադարձավ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքներին, որոնք վերաբերում են ռուսերենի ինդեքսի ընդհանուր դիրքին ամբողջ աշխարհում:
«Այսօր համացանցային և արհեստական բանականության դարաշրջանում շատ մասնագիտություններ պարզապես մահանում են, սակայն դրանք չեն փոխարինում մարդուն, որի կարևորագույն ուժը լեզուն է: Եվ հենց լեզվի զարգացմամբ մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրները: Եվ կարևոր է, որ սա չդիտարկվի որպես Ռուսաստանի ազդեցության մեծացման ևս մեկ գործիք, քանի որ մենք դեմ ենք այդ տեսակետին: Ռուսերենը ոչ միայն մեր, այլև համաշխարհային հարստություն է, ինչպես անգլերենը»,- նշեց պրոռեկտորը:
Ելույթներից հետո հանդիպման մասնակիցների միջև քննարկում ծավալվեց ռուսագիտության ոլորտում առկա արդի խնդիրների շուրջ:
Նշենք, որ հանդիպմանը, բացի համալսարանականներից, ներկա էին նաև Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների ռուսաց լեզվի դասախոսները: