- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մայիս 17, 2018 | 18:39
Հասարակություն
ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը կրկին համաուսանողական քննարկում էր կազմակերպել:
Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան բոլոր, ինչպես նաև մարզային մի քանի բուհերի ներկայացուցիչներն ու բուհերում ստեղծված «Ռեստարտ» ուսանողական խմբերի անդամները:
Երիտասարդներին նախ ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Նելլի Ղահրամանյանը. «Ողջունում եմ բոլորին, հաճելի է բոլորիդ հյուրընկալել Մայր բուհում: Այսօրվա երիտասարդը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար, և դա, անկասկած, հավատ ներշնչող իրողություն է: Պատմության ֆակուլտետի ՈՒԽ-ն ի սկզբանե բարձրաձայնում է ուսանողին անհանգստացնող խնդիրները, և ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք պատրաստենք սերտ համագործակցություն ծավալել «Ռեստարտ» խմբերի հետ»:
Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչն էլ նշեց, որ համալսարանի ռեկտորին պաշտոնից հեռացնելուց անմիջապես հետո բուհում նոր գործընթացներ են սկսվել, որոնք միտված են բուհի առողջ մթնոլորտը վերականգնելուն:
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությանն անդամ Դավիթ Պետրոսյանը նախ ներկայացրեց աշխատանքային քննարկման օրակարգը, այնուհետև ընդգծեց, որ ուսանողների հաղթանակն իրենց համախմբվածություն մեջ է. «Մենք պետք է պատասխանատվություն ունեանք մեր քայլերի համար, քանի որ այդ պատասխանատվությունը քաղաքական նոր իրողությունների համատեքստում մեծանում է»:
Տարկետման իրավունքի քննարկման շրջանակում Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ներկայումս խմբի անդամները համագործակցում են ԿԳՆ ներկայացուցիչների հետ, և մինչև օրենսդրական փոփոխությունների ընդունումը պետք է մշակվի կարճաժամկետ որոշում, որը կնպաստի հետագա փոփոխությունների իրականացմանը: Այդ պատճառով նախատեսվում է ձևավորել ուսանողական խմբեր հումանիտար, բնագիտական և արվեստի ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկությունների փաթեթում ներառելու համար:
Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ հավելեց, որ ԿԳ նախարարությունում կձևավորվեն ՀՀ «Բարձրագույն կրթության մասին օրենքի» մեջ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ աշխատող հանձնաժողովներ, որոնց անդամներին պետք է ընտրեն ուսանողները: Այդ նպատակով նախատեսվում է անցկացնել հարցումներ, որոնց շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան առաջարկելու իրենց նախընտրած և վստահությունը վայելող դասախոսների թեկնածությունները:
Տարկետման իրավունքի մասին հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: Հանդիպման վարողները խոստացան բոլոր հարցերի պատասխանները ճշտել և ներկայացնել ուսանողներին:
Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանն, ով իր աջակցությունը հայտնեց երիտասարդներին՝ ընդգծելով, որ ուսանողների խնդիրները նաև դասախոսների խնդիրներն են:
Յուրի Ավագյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց բուհերում առկա խնդիրները, ինչպես նաև առաջարկները թղթային և էլեկտրոնային տարբերակով փոխանցել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամներին:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Ռեստարտ» խմբի ներկայացուցիչ Քնարիկ Զաքարյանը բարձրաձայնեց բուհի խնդիրների մասին. «Բուհի ուսանողական կառույցները հիմնականում ծառայում են ՀՀԿ-ի շահերին, ինչը մտահոգիչ է բոլորի համար: Խնդիրը շատ են՝ տարկետման իրավունք, ոչ բավարար լսարանային պայմաններ, ուսուցման հնաոճ մեթոդներ, գիտելիքների ցածր մակարդակ, դասախոսների ծանրաբեռնվածություն, ուսանողական ճաշարանների բարձր գներ և այլն: Հույս ունենք, որ այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կունենանք լուծելու մեր առջև ծառացած խնդիրները»:
ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, դասախոս Լևոն Սարգսյանն էլ իր ելույթ ընթացքում անդրադարձավ դասախոսների ծանրաբեռնվածությանը, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում կրթության որակի վրա:
«Եթե դասախոսը տարեկան կտրվածքով լսարան է մտնում տասնյակից ավելի առարկաների շրջանակում, որոնց մի մասի վերաբերյալ գրեթե տեղեկություն չունի ու ժողովրդական լեզվով ասած՝«յոլա է տանում», ապա կրթության ի՞նչ որակի մասին կարող է խոսք գնալ, սիրելի՛ ուսանող: Սակայն, վստահ ենք, որ ազատագրումից հետո, երբ կարողանում ենք հանգիստ բարձրաձայնել մեր խնդիրները, կկարողանանք նմանատիպ մի շարք խնդիրներ լուծել, խնդիրներ, որոնք բխում են և՛ ուսանողի, և՛ դասախոսի շահերից»,- ասաց Լևոն Սարգսյանը:
Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ներկայացուցիչ Միքայել Նազարյանն էլ հայտարարեց, որ բուհի ուսանողական խորհուրդը լուծարվել է, իսկ ՈՒԽ-ի փոխարեն նախատեսվում է ստեղծել այլընտրանքային այլ ուսանողական կառույց: Լուրն ընդունվեց ծափողջույներով:
Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Արամ Արշակյանը ներկայացրեց բուհի «Ռեստարտի» գործունեությունը և նշեց, որ ուսանողները մի քանի անգամ արդեն հանդիպել են բուհի ռեկտորի և ղեկավարության հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները լուծել բուհի ներսում:
«Ուսանողների շրջանում հարցումներ են իրականացվել կրթության որակի և պրակտիկայի վերաբերյալ: Արդյունքում՝ ուսանողների 80 տոկոսից ավելիին չեն բավարարում ո՛չ կրթության որակը, ո՛չ գործնական աշխատանքների իրականացումը: Այդ նպատակով հանդիպումներ ենք ունեցել ոլորտի առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև կոնկրետ առաջարկներ ներկայացրել բուհի ղեկավարությանը, որն էլ խոստացել է համագործակցել ուսանողների հետ»,- փաստեց Արամ Արշակյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խմբի ներկայացուցիչն էլ անդրադարձավ բուհի ներքին խնդիրներին և հավելեց, որ բուհի ղեկավարության հետ կոնկրետ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ:
Ժամանակը ճիշտ և արդյունավետ օգտագործելու համար մի շարք բուհերի ներկայացուցիչները խնդիրներն ու առաջարկները գրավոր տարբերակով փոխանցեցին նախաձեռնության անդամներին:
Հանդիպման ավարտին Դավիթ Պետրոսյանն ասաց, որ այսուհետ քննարկումներն ավելի գործնական ու արդյունավետ կազմակերպելու համար հանդիպումները կանցկացվեն բուհերի մեկ կամ մի քանի ներկայացուցիչների հետ, ովքեր էլ հստակ կներկայացնեն խնդիրներն ու առաջարկությունները: