- Գլխավոր
- Նորություններ
- «ՖԻՆԱՆՍՆԵՐ» ԵՎ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Դեկտեմբեր 16, 2019 | 16:34
Հասարակություն
«ՖԻՆԱՆՍՆԵՐ» ԵՎ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանողներն այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ։
Ֆակուլտետի վերոնշյալ ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանի խոսքով, այցի նպատակն ընկերության գործունեությանը ծանոթանալն ու «Այցելուների կենտրոնում» մասնագիտական հարցերի քննարկմանը մասնակցելն է։
Բարձր կուրսի ուսանողները սկզբում այցելեցին ընկերության «Այցելուների կենտրոն», որը շահագործման է հանձնվել մեկ ամիս առաջ։
Ընկերության զբոսավարն ուսանողներին պատմեց Կոկա-Կոլայի ստեղծման մասին։ Նա ասաց, որ ըմպելիքը ստեղծվել է Ջոն Էս. Պեմբերտոնի կողմից 1886 թ․ Ատլանտայում և մատուցվել է Ջեյքոբի դեղատանը՝ որպես գլխացավի դեմ դեղամիջոց։
«Արդեն 1899 թվականին Կոկա-Կոլան դարձել էր մարդկանց ամենասիրելի ըմպելիքներից մեկը և սպառվում էր ԱՄՆ բոլոր նահանգներում, սակայն այն ձեռք բերել հնարավոր էր միայն դեղատնից։ Այդ ժամանակ Ազա Քանդլերը 1 դոլարի դիմաց Կոկա-Կոլայի շշի նկատմամբ իրավունքները վաճառեց Բենջամին Ֆ․ Թոմասին և Ջոզեֆ Բ․ Վայթհեդին Թենեսիի Չաթանուգա քաղաքից, ինչից հետո ըմպելիքը սկսեցին շշալցնել ու վաճառել»,-ասաց զբոսավարը:
Նա պատմեց ըմպելիքի պատենտների, դրանց դեմ պայքարելու ու շշի դիզայնի մասին։ Ուսանողները ծանոթացան նաև ըմպելիքի բաղադրությանն ու իմացան, որ գաղտնի բաղադրատոմսն այդ բաղադրանյութերի չափաքանակն ու ավելացնելու հերթականությունն է։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ-ի պատմությունն իմանալուց ու հարցեր հղելուց հետո ուսանողները հնարավորություն ստացան հետևելու արտադրական գործընթացին։
Նրանք իմացան, որ Կոկա-Կոլան այս պահին վաճառվում է աշխարհի ավելի քան 200 երկրներում։
Ընկերության ներկայացուցիչները պատմեցին նաև իրենց կորպորատիվ սոցիալական ծրագրերի, հաճախորդների սպասարկման ու արտադրանքի որակի կառավարման մասին։
Արտադրական գործընթացը տեսնելուց հետո «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ինտելեկտուալ խաղ էին կազմակերպել ուսանողների համար։
Մեզ հետ զրույցում «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների 4-րդ կուրսի որոշ ուսանողներ ասացին, որ նմանօրինակ այցերն ավելացնում են իրենց՝ մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն ու գործնական գիտելիքներ են տալիս։
Մարինա Առաքելյան