- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԼԵԶՎԱԿԻՐՆԵՐԻՑ
Նոյեմբեր 18, 2022 | 21:05
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԼԵԶՎԱԿԻՐՆԵՐԻՑ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Քուվեյթի համալսարանի՝ լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին ներկայացրեց «Լեզվի և մտքի դիալեկտիկան և արաբերենի քերականական եզրույթների ծագումը» թեմայով դասախոսություն:
Համալսարանում կազմակերպվող այսօրինակ դասախոսությունները հնարավորություն են տալիս լեզվակիրներից տեղեկանալու արաբերենի քերականության արդի զարգացումների մասին, ինչպես նաև ծանոթացնում են արտերկրում ուսանելու հնարավորություններին ու հեռանկարներին։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը կարևորեց նմանօրինակ դասախոսությունների դերը: Հ․ Քոչարյանի խոսքով՝ դրանք նպաստում են լեզվի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
Անդրադառնալով Քուվեյթի համալսարանի՝ լեզվի կենտրոնի հետ համագործակցությանը՝ ամբիոնի վարիչը նշեց, որ այն ամուր հիմքեր ունի։
«Այս դասախոսությունը խորհրդանշական է, քանի որ համավարակից հետո գործակցային կապը, կարելի է ասել, փոքր-ինչ թուլացել էր, և այս դասախոսությունը նաև ուղղված էր այդ կապը վերստին ամրապնդելուն: Դրանից զատ՝ սա լավ հնարավորություն է հատկապես այն ուսանողների համար, որոնք առիթ չեն ունեցել շփվելու լեզվակիրների հետ»,- ընդգծեց Հ. Քոչարյանը:
Քուվեյթի համալսարանի՝ լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին ևս մեզ հետ զրույցում կարևորեց առկա համագործակցությունը: Նրա խոսքով՝ փոխանակման ծրագրերը հնարավորություն են տալիս, որ արաբերենին լավ տիրապետող հայ ուսանողներն արտերկրում ներկայացնեն Հայաստանը և հայոց մշակույթը:
«Հայերի ու արաբների միջև պատմական կապ կա, որը կարող է ամրապնդվել նաև ուսանողների փոխանակման ծրագրերի շնորհիվ: ԵՊՀ-ն այս կապի զարգացման գործում մեծ դեր ունի»,- նշեց Խալեդ ալ Ֆադլին:
Անդրադառնալով դասախոսության թեմայի արդիականությանը՝ նա ասաց, որ քերականությունը երբեմն առավել բարդ է թվում, և ներկայացրեց քերականության ուսուցման առավել դյուրին եղանակները:
Բանախոսն ասաց, որ Քուվեյթում մեծ է հայերենով հետաքրքրվածների թիվը:
«Քուվեյթում կա հայ համայնք, և դա այն գլխավոր գործոններից է, որ հիմք են դարձել քննարկելու Քուվեյթի համալսարանում հայերենի ուսուցման կենտրոն բացելու հնարավորությունները»,- ընդգծեց Խալեդ ալ Ֆադլին:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ Անահիտ Բազեյանը և Հեղինե Բարսեղյանը երկու տարի առաջ են վերադարձել Քուվեյթից, որտեղ փոխանակման ծրագրի շրջանակում զարգացրել են արաբերենի գիտելիքները: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ սա լավ հնարավորություն էր նորից տեսնելու սիրելի դասախոսին: ԵՊՀ ուսանողների խոսքով՝ Քուվեյթում սովորելու հնարավորությունը, որ ընձեռել էր ֆակուլտետը, անգնահատելի է:
Հիշեցնենք, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում մեկ կիսամյակով կրթություն են ստանում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանողներ։