- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ․ ԵՊՀ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆ
Դեկտեմբեր 02, 2019 | 16:12
Կրթություն
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ․ ԵՊՀ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր «Ռոստելեկոմ Հայաստան»ընկերությունում բաց դաս են ունեցել «Բիզնեսի կառավարում» թեմայով։
Հիշեցնենք, որ երեք տարի շարունակ ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք միտված են, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ տալուն:
Ֆակուլտետի վերոնշյալ ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանի խոսքերով, «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների այցը «Ռոստելեկոմ Հայաստան» նպատակ ունի նրանց ծանոթացնելու կազմակերպության գործունեությանը, ֆինանսական կառավարման գործիքակազմին, թվային մարքեթինգի առանձնահատկություններին, հաճախորդների սպասարկման և ծառայության որակի չափանիշներին:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ ուսանողները և ընկերության որոշ ստորաբաժանումների ղեկավարներ քննարկեցին մի շարք հարցեր՝ սկսած կադրային քաղաքականությունից, մարքեթինգային ռազմավարությունից, պրոդուկտների մշակման գործընթացից մինչև հաճախորդների սպասարկման աշխատանքների կոորդինացում։
«Ռոստելեկոմ Հայաստանի» մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանն ուսանողներին ներկայացրեց աշխատակից ընտրելու կարգը։ Ըստ նրա՝ հարցազրույցի փուլը հաղթահարած անձինք իրենց կազմակերպությունում աշխատելու համար պետք է նաև որոշակի արժեհամակարգ ունենան։
Նա նշեց, որ այս ընկերությունն աշխատելու հնարավորություն է ընձեռում ուսանողներին՝ օգնելով նրանց սովորել և հմտանալ իրենց գործում։
Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Արզումանյանը և Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Աննա Անանյանը նույնպես հանդիպեցին ուսանողներին ու պատասխանեցին նրանց հարցերին։
«Ռոստելեկոմ Հայաստանի» ներկայացուցիչներն ասացին, որ այս տարի ընկերությունն իր սպասարկման որակով լավագույնն է ճանաչվել կապի օպերատորների շարքում։
Հանդիպման ընթացքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության ուսանողները Հայաստանում առաջատար ընկերություններից մեկի աշխատակիցների հետ քննարկեցին նաև մրցակցային ռազմավարության կազմակերպմանը, գովազդին և պրոդուկտի բրենդավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տեղեկացան, թե ընկերությունն ինչ քայլեր է ձեռնարկում իր ապրանքատեսակը շուկայում առաջատարների դիրքում պահելու համար։
Մարինա Առաքելյան