- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
Մայիս 21, 2018 | 16:38
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
Առաջին անգամ մասնակցելով Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին՝ ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
ԵՊՀ-ն՝ ի դեմս Իրավագիտության ֆակուլտետի, այս տարի առաջին անգամ մասնակցության հայտ է ներկայացրել Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին: Այն կազմակերպվում է Մարդու իրավունքների կենտրոնի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից Մարդու իրավունքների «Գլոբալ Կամպուսի» միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:
Դատախաղ-մրցույթի առանցքում մարդու իրավունքներն են, որոնք հիմնված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային աղբյուրների վրա: Այս տարի դատախաղ-մրցույթի գործը վերաբերում է կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին և ընտանեկան կյանքին առնչվող մի շարք իրավունքներին:
Դատախաղ-մրցույթի առաջին փուլը ենթադրում է կողմերի դիրքորոշումների գրավոր ներկայացում: Արդյունքում լավագույն թիմերը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կմասնակցեն բանավոր փուլին:
Այս տարի դատախաղ-մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 230 համալսարանների թիմեր: ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի 50 լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել 2018 թ.-ի հուլիսի 15-20-ը Ժնևում մասնակցելու բանավոր փուլին: Բանավոր փուլին մասնակցելու են նաև այնպիսի հեղինակավոր համալսարաններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Յելի համալսարանը:
ԵՊՀ թիմի անդամներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Հարություն Հովհաննիսյանը և մագիստրատուրայի ուսանողուհի Շողեր Սահակյանը: Թիմի մարզիչն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ Գրիգոր Չոբանյանը
Բացի բուն դատախաղից՝ միջոցառման շրջանակում նախատեսված է նաև մեկօրյա գիտակրթական այց, որի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին:
Ի դեպ, այս դատախաղ-մրցույթն էլ ավելի նշանակալի է, քանի որ այս տարի նշվում են Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը և Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթի 10-ամյակը:
Քնար Միսակյան