- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Փետրվար 10, 2023 | 17:07
Գիտություն
Կրթություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության (MISTI) «Գլոբալ ուսուցումների լաբորատորիաների» (GTL) ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանում առաջին անգամ ինստիտուտի ուսանողներ Յու Ջին Չենը, Էնն Սնայդերը և Շոն Ջանգը դասավանդել են երեք տարբեր առարկաներ և անցկացրել սեմինարներ։
ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունեցել մասնակցելու «Առաջնորդություն և բանակցություններ՝ ուղղված սոցիալական փոփոխությանը», «Տվյալների հաղորդակցություն» և «Շուկայի ձևավորում» դասընթացներին: Վերջիններս ժամանակակից աշխարհում ունեն մեծ կարևորություն և վճռորոշ դեր, իսկ միջազգային փորձի ուսումնասիրությունը նպաստում է հայ ուսանողների հմտությունների զարգացմանն ու նրանց աշխարհայացքի ընդլայնմանը։
Ծրագրի հայաստանյան համակարգող, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գլխավոր մասնագետ Խաչիկ Աբաջյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով համագործակցության նախապատմությունը, նշեց, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից առաջարկ է եղել ԵՊՀ-ն հիշյալ ծրագրում ներառելու, որից հետո համալսարանը ծրագրին միանալու պատրաստակամություն է հայտնել։
«Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն աշխարհի առաջատար համալսարաններից է։ Վերջինիս հետ համագործակցությունը մեծ պատիվ է մեզ համար և ազդարարում է նոր գործընկերության սկիզբ։ Փոխգործակցության շրջանակում այս տարի հնարավոր է՝ իրագործվեն այլ ծրագրեր ևս, սակայն այդ ամենը դեռևս քննարկման փուլում է։ Այս համագործակցությունը հատկապես կարևոր է մեզ համար, քանի որ բուհի միջազգայնացումը ԵՊՀ առաջնահերթություններից է, և վերոհիշյալ բուհերի հետ գործընկերությունը միանշանակ մեծ քայլ է այդ ուղղությամբ»,- նշեց Խաչիկը։
Մինչ Հայաստան գալը Յու Ջին Չենը, Էնն Սնայդերը և Շոն Ջանգը մասնակցել են Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության նախապատրաստական և վերապատրաստման դասընթացներին, որոնց շրջանակում ձեռք բերված փորձառությունը ծրագրի մասնակիցները ներդրել են Հայաստանում։
Յու Ջինը, որը դասավանդել է «Առաջնորդություն և բանակցություններ՝ ուղղված սոցիալական փոփոխություններին» առարկան, վստահ է, որ սեմինարների ընթացքում իր սովորեցրած հմտությունները կենսական են՝ աշխարհում մեծ կարևորություն ունեցող խնդիրները լուծելու համար: Դասավանդելու շուրջ երկար է մտածել, և այս հնարավորությունը նրան ցույց է տվել, թե որքան դժվար, սակայն միևնույն ժամանակ՝ հաճելի է այդ գործընթացը:
«Սեմինարների ձևաչափով ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն ամենին, ինչը նրանք այլ կերպ չէին կարողանա լիարժեք իրացնել: Կարճ ժամանակում ուսանողներն ամբողջությամբ ներգրավվեցին դասապրոցեսին և ծանոթացան իրենց ուսումնասիրած ոլորտից դուրս հետաքրքիր թեմաների: Խմբում, որտեղ ես դասավանդում էի, կային ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, և հետաքրքրականն այն է, որ բացի նրանից, որ այդ ժամանակահատվածում նրանք սովորում էին ինձնից, ես՝ նրանցից, այլև նրանք սովորում էին միմյանցից»,- նկատեց Յու Ջինը:
Ի լրումն՝ Յու Ջինը նշեց, որ Երևանի պետական համալսարանից ստացած աջակցությունը իրեն օգնեց առանց խոչընդոտների անցկացնելու սեմինարները։
«Երևանի պետական համալսարանում մենք ջերմ ընդունելության ենք արժանացել: Այն ինձ համար շատ առումներով դարձել է երկրորդ տուն: Համալսարանի աշխատակազմը մեծ ջանք, ժամանակ ու եռանդ է ներդրել՝ Հայաստանում արդյունավետ փորձառություն ստանալու և աջակցելու, ուսանողների համար բովանդակալից դասախոսություններ կազմակերպելու հարցում։
Էնն Սնայդերը, որը դասավանդել է «Շուկայի ձևավորում» առարկան, խոսելով ծրագրի առավելությունների մասին՝ նշեց, որ այն իրեն օգնել է զարգացնել իր հմտությունները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով ծանոթանալու նոր մշակույթին և ավանդույթներին։
«Երևանի պետական համալսարանի ուսանողները աշխատասեր են, բարի և հյուրընկալ: Հրաշալի էր նրանց հետ աշխատելն ու ընկերանալը։ Հուսով եմ՝ մի օր անպայման կվերադառնամ»,- ներկայացնելով իր տպավորությունները՝ ասաց Էննը:
«Տվյալների հաղորդակցություն» առարկան դասավանդող Շոն Ջանգը, ներկայացնելով ծրագրին մասնակցելու իր շարժառիթն ու պատճառը, ասաց, որ ցանկանում է օգնել տեխնիկական ուղղվածություն ունեցող ուսանողներին արդյունավետ ներկայացնել իրենց գաղափարները, ուսուցման միջոցով ընդլայնել թեմայի վերաբերյալ սեփական պատկերացումները և մանրամասն ուսումնասիրել հայկական մշակույթը։
«Ինձ շատ է դուր եկել Հայաստանի, ԵՊՀ-ի պատմությունը և համալսարանի՝ ինձ տրամադրած անվերապահ աջակցությունը: Ես բարձր եմ գնահատում իմ ուսանողների նվիրվածությունը և սովորելու պատրաստակամությունը: Իմ ուսանողներից շատերը, դասընթացից դուրս, զգալի ժամանակ են հատկացրել վերջին դասին իրենց աշխատանքը ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներին։ Ի դեպ, նրանք բավականին բարձր մակարդակով և պրոֆեսիոնալիզմով ներկայացրին այդ 4 շաբաթների ընթացքում իրենց սովորածն ու կատարած աշխատանքը», - ասաց Շոնը:
Բացի դասավանդելուց՝ Յու Ջինը, Էնն ու Շոնը հասցրել են ծանոթանալ և շփվել հայերի հետ, այցելել ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր և հենց տեղացիներից տեղեկանալ Հայաստանի մշակույթի մասին: Նրանք եղել են Գառնիում, Գեղարդում, Սևանում, Դիլիջանում, Էջմիածնում, Սարդարապատում, Ծաղկաձորում, Գյումրիում և Խոր Վիրապում, որտեղ հեռվից տեսել են Արարատ լեռը, համտեսել հայկական ավանդական գաթան, փորձել են լավաշ թխել և նստել ճոպանուղի:
Նման համագործակցությունները խրախուսում են ուսանողներին և դասախոսներին զարգացնելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ընդլայնելու և ամրապնդելու միջազգային համագործակցության շրջանակը և ծանոթանալու այլ ժողովուրդների մշակույթին։
Նշենք, որ ներկայում ԵՊՀ-ն համագործակցում է 50 երկրի ավելի քան 270 համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ։ Գործընկերությունների լայն շրջանակը հնարավորություն է տալիս իրագործելու մի շարք նախագծեր և ծրագրեր, որտեղ կարևոր դեր ունեն բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի փոխանակման կրթական ծրագրերը:
Անի Սուքիասյան