- Գլխավոր
- Նորություններ
- «ԷՐԱԶՄՈՒՍ+» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 14, 2021 | 11:29
Հասարակություն
«ԷՐԱԶՄՈՒՍ+» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում մեկնարկել է Եվրոպական Միության «Էրազմուս+» 2022 թվականի ծրագրային հայտերի կառուցակարգերի, հիմնական պահանջների, ինչպես նաև արձանագրված թարմացումների մասին եռօրյա սեմինարը: Այն կազմակերպվել է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ:
Վերոնշյալ վարչության դրամաշնորհային բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը, որը վարում էր սեմինարը, շեշտեց, որ ծրագրերի հիմնական գերակայությունները կենտրոնացած են կայուն աճի, զարգացման, ինչպես նաև կրթության քաղաքականության շրջանակում արտաքին համագործակցության վրա:
Սեմինարի մասնակիցներին մանրամասն ներկայացվեց «Էրազմուս+» ծրագրերի իրականացման երկրորդ գործողությունը, որը տարբեր բուհերի և կազմակերպությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունն է. այն, ըստ երևույթին, նախկին «Tempus» ծրագրերի իրավահաջորդն է:
Բանախոսն անդրադարձավ ծրագրի նորություններին, 2022 թվականի հայտադիմումների առանձնահատկություններին, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի շրջանակում բուհերին առաջարկվող հնարավորություններին:
Նա փաստեց, որ երկրորդ գործողության ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն մինչ 2020 թվականը գրեթե նույնն է մնացել, իսկ այժմ 2021-2027 թվականների «Էրազմուս+» ծրագրերի իրականացման շրջանակում երկրորդ գործողությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, և հրապարակվել է նոր փաթեթը. «Այս դրամաշնորհային փաթեթը զարգացման, բարեփոխման, ուսուցման, գիտելիքի զարգացման և որոշակի հմտությունների փոխանակման շրջանակ է, որի շնորհիվ ցանկացած բուհի ֆակուլտետ կամ ստորաբաժանում կկարողանա նշված հարթության մեջ որոշակի ծրագրեր իրականացնել»:
Որոշակի սոցիալ-տնտեսական զարգացումների արդյունքում փոփոխությունների ենթարկված ծրագրային փաթեթը նախատեսում է մարդկային ռեսուրսների կատարելագործում, ինչպես նաև «COVID-19»-ի հետևանքով ընդհատված բարեփոխումների շարունակում. խոսքն ազգային, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական ծրագրերի իրականացման մասին է, որոնք շատ ավելի համընդհանուր են և բազմակողմանի. «Ծրագրերում տեղ գտած բարեփոխումներով հանվել են տարածաշրջանային առաջնահերթությունները՝ փոխարինվելով համընդհանուրով, փոփոխվել են հայտերի ընդունման ձևերը, ինչպես նաև մշակվել են ծրագրային բյուջեի վարման նոր մեթոդներ»:
Ա. Ապրոյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, պաշտոնապես իրավունք ունի դիմելու որպես ծրագրի համակարգող, ինչպես նաև դառնալու բուհերի կամ կազմակերպությունների ներկայացրած ծրագրերի մասնակիցը:
2021 թվականին մի շարք երկրներ «COVID-19»-ի պատճառով չեն կարողացել դիմել ծրագրին, դիմումներ չեն ընդունվել, իսկ այս տարի դեկտեմբերի 1-ից դիմումների առցանց ընդունելությունը սկսվել է, վերջնաժամկետը փետրվարի 17-ն է:
Սեմինարի վերջում բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: