- Գլխավոր
- Նորություններ
- ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ
Մայիս 21, 2019 | 17:27
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի նոր փաթեթի շնորհանդեսը:
Մագիստրոսական այս ծրագիրն իր գործունեության 7 տարիների ընթացքում հասցրել է ունենալ 66 շրջանավարտ, որոնցից 39-ը, այսինքն՝ մոտ 60 %-ն անցել է մասնագիտական աշխատանքի։
Բացման խոսքով հանդես եկավ «Տարածաշրջանային քաղաքականություն» ՄԿԾ ղեկավար, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը:
«Երբ մենք որոշեցինք բացել այս մագիստրոսական ծրագիրը, մեր առջև դրել էինք 3 հիմնական նպատակ՝ կրթական ծրագրի մշակման կատարելագործում, բարձրակարգ մասնագետների պատրաստում և փոխադարձ աջակցություն՝ մասնագիտական և աշխատանքային հարցերում»,-պարզաբանեց Նարեկ Գալստյանը:
Այնուհետև մագիստրոսական ծրագրի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Էրիկ Դավթյանը ներկայացրեց տասը պատճառ այն մասին, թե ինչու պետք է դիմել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրին:
Այդ պատճառները շատ տարբեր են ՝սկսած առաջարկվող հարուստ էլեկտրոնային գրադարանից, գնահատման համակարգից, վերջացրած դասախոսական արհեստավարժ կազմով:
«Մեր խնդիրն է ավելի հետաքրքրիր դարձնել ուսանողների ուսումնառության ծրագիրը, դրա շնորհիվ մեր նյութերն անընդհատ փոփոխվում և համալրվում են»,- նշեց Էրիկ Դավթյանը:
«Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նարեկ Գալստյանն էլ ասաց, որ ուսանողները կարող են պարբերաբար մասնակցել արտասահմանյան ծրագրերի, քանի որ գնահատման համակարգն ուսանողների շարժունակությունը դյուրին է դարձնում:
«Մեր ծրագրի հաջողության ցուցիչն այն լավ հեղինակությունն է, որը ծրագիրն ունի աշխատաշուկայում,- շեշտեց Նարեկ Գալստյանը,- մեր ուսանողներն աշխատում են պետական կառավարման համակարգում, վերլուծական կենտրոններում և լրատվամիջոցներում»:
Նրա խոսքով, «ՏաՔա» ծրագիրն իր մեջ ներառում է ինչպես փորձի փոխանակում, այնպես էլ ուսանողական ժամանցի կազմակերպում, որին ավելանալու են նաև «ՏաՔա» արշավները:
Այնուհետև ելույթով հանդես եկան «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, որոնք պատմեցին իրենց փորձառության և հաջողության բանաձևի մասին:
Ելույթներով հանդես եկան նաև ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ , քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը և «Տարածաշրջանային քաղաքականություն» ՄԿԾ դասախոս, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, որոնք նշեցին այն կարևոր քաղաքական նշանակության մասին, որն ունի մագիստրոսական ծրագիրը:
««Տարածաշրջանային քաղաքականություն» ծրագրի շնորհիվ ուսանողը ճանաչում և հետազոտում է տարածաշրջանը, ծանոթանում է նրա առանձնահատկություններին, ուսումնասիրում է ընթացիկ քաղաքական գործընթացները և դառնում պահանջված մասնագետներ, որոնց կարիքը մենք շատ ունենք»,- նշեց Գարիկ Քեռյանը:
Անի Պողոսյան