- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբեր 25, 2019 | 17:10
Հասարակություն
«ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում այսօր տեղի է ունեցել դասախոսություն՝ «Մեծ պատերազմը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով, որը վարում էր Պոտսդամում գործող Լեփսիուսի տուն-թանգարանի՝ «Լեփսիուսհաուսի» գիտական ղեկավար, պատմաբան, հայագետ Ռոլֆ Հոսֆելդը:
Ռոլֆ Հոսֆելդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու գիրք է գրել՝ «Նեմեսիսի օպերացիան» և «Մահ անապատում», որտեղ ներկայացնում է, որ Հայոց ցեղասպանությունը նախօրոք ծրագրած և իրականացրած գործողություն էր:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ այն հանգամանքներին և պատմական իրադարձություններին, որոնք նախորդել և հաջորդել են Հայոց ցեղասպանությանը:
«Դժվար է ասել՝ տեղի կունենա՞ր արդյոք Հայոց ցեղասպանությունը, եթե դրա նախորդող իրադարձությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, չլիներ: Նույն հարցադրումը կարելի է անել նաև Հոլոքոստի դեպքում՝ այն տեղի կունենա՞ր արդյոք, եթե չսկսվեր Երկրորդ համաշխարհային պատերազմը»,- նշեց Ռոլֆ Հոսֆելդը:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ թուրքական ներքին քաղաքականությանը՝ պատմելով, թե ինչպես էր «Միասնություն և առաջադիմություն» կոմիտեն աշխատում, ինչպիսի գաղափարաբանությամբ և ինչ օրակարգ էր ներկայացնում, պետական կառավարման համակարգն ինչպես էր գործում Թուրքիայում:
«Իհարկե, չես կարող ցեղասպանություն կազմակերպել առանց նախապատրաստական աշխատանքի,- պարզաբանեց Ռոլֆ Հոսֆելդը,- պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր եղել այդ սարսափազդու ոճրագործությունը կատարել, ովքեր են աջակցել, և ինչ քաղաքական իրադարձություններ են դրան նպաստել»:
Բանախոսը նշեց, որ այժմ այս թեման ուսումնասիրողները մի փոքր ավելի լավ են տեղեկացված այդ ժամանակահատվածի մասին, քան նախկինում:
«Խոսքն Օսմանյան Թուրքիայում հայկական քաղաքականության մասին է, մի ժամանակաշրջան, երբ դաշնակցությունն ու երիտթուրքերը համագործակցում էին՝ մինչև Համաշխարհային պատերազմի սկիզբը»,- պարզաբանեց Ռոլֆ Հոսֆելդը:
Դասախոսության վերջում հնչեցին հարցեր, և տեղի ունեցավ թեմայի քննարկում:
Անի Պողոսյան