- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅ ԿԻՆԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐ ՎՃՌԱԿԱՆ ԴԵՐՆ Է ՈՒՆԵՑԵԼ».ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Մայիս 17, 2019 | 15:00
«ՀԱՅ ԿԻՆԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐ ՎՃՌԱԿԱՆ ԴԵՐՆ Է ՈՒՆԵՑԵԼ».ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում շարունակվում է «Հայ ինքնության հարցեր» գիտական սեմինարների շարքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պետք է նշել, որ սեմինարների շարքը կազմակերպվել է Անգլիալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիայի նախաձեռնությամբ:
«Հերոսական հայ կնոջ կերպարը հայոց պատմության էջերում» թեմայով գիտական սեմինարն այսօր վարում էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Վերջինս դասախոսության ընթացքում անդրադարձավ այն կարևոր դերին, որ հայ կինն ունեցել է հայոց պատմության ողջ ընթացքում:
«Պետք է նշեմ, որ հայ կինը պատմության տարբեր փուլերում կարողացել է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել, և այսօրվա մեր գոյության մեջ մեծ է նաև հայ կնոջ ներդրումը»,- նշեց Էդիկ Մինասյանը:
Նրա խոսքով, շատ դեպքերում հայ կնոջ կերպարն անարդարացիորեն անտեսվել է, բայց, երբ թերթում ենք պատմության էջերը, մեզ համար ակնհայտ է դառնում, որ հայ կինը բոլոր ժամանակներում իր վճռական դերն է ունեցել:
«Մեր ժողովուրդը միշտ առանձնահատուկ հարգանքով է վերաբերվել հայ մոր կերպարին, անգամ հեթանոսական ժամանակներում Անահիտ, Աստղիկ, Նանե աստվածուհիներն իրենց պատկառելի տեղն են ունեցել մեր դիցաբանության մեջ»,- նշեց բանախոսը:
Վերջինիս խոսքով, հայ կինը նաև հերոսական պայքարի մեջ է կարողացել իր ուրույն դերակատարումն ունենալ:
«Թեև ֆիդայական շարժմանը կանանց մասնակցությունն ընդունված չի եղել՝ այն համարելով «տղամարդու գործ», բայց շատ դեպքերում կանայք ծպտյալ հագուստով մասնակցել են պայքարին և փոխարինել տղամարդկանց, դրա վառ օրինակն է Սոսե մայրիկի պատմությունը»,-փաստեց Էդիկ Մինասյանը:
Հայ կնոջ կերպարի վերլուծության կարևոր աղբյուր է նաև մեր ազգային էպոսը, որի հերոս կանայք ուժեղ էին ու գտնում էին, որ հայրենիքի պաշտպանության հարցում կնոջ և տղամարդու միջև տարբերություն չպետք է լինի:
Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ևս կազմակերպվելու են սեմինարներ հետևյալ թեմաներով՝ «Բրիտանական կառավարության Բաքստոնների հաշվետվությունը հայ ինքնության մասին» և «Քեմալ Յալսինի ուսումնասիրությունները լռեցված հայկական հիշողությունների մասին»:
Անի Պողոսյան