- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Հոկտեմբեր 18, 2022 | 18:50
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ֆակուլտետի ուսանող-բանախոսները ներկայացրել են պետության և իրավունքի ընդհանուր փոխհարաբերություններն ու դրանց բնութագիրը՝ ամփոփելով դասախոսությունն աշակերտների հիմնական իրավունք-պարտականությունների իրազեկմամբ։
Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն «Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի շրջանակում դասախոսություն-քննարկումներ էր կազմակերպել Գյումրու տնտեսագիտական վարժարանում և Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցում: Քննարկվող հիմնական թեմաներն էին՝ «Պետության և իրավունքի առաջացման տեսություններ», «Պետություն և իրավունք», «ՀՀ Սահմանադրական բնութագիրը»:
Դասախոսությունների ընթացքում աշակերներին ներկայացվել են մարդու հիմնական իրավունքները, այդ թվում՝ նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները՝ այդպիսով բարձրացնելով բարձր դասարանների սովորողների իրավագիտակցությունը, սեփական իրավունքների մասին իրազեկվածությունը։
Դպրոցականներին ներկայացվել են նաև մարդուն սահմանադրորեն տրված հիմնական իրավունքները և ազատությունները, դրանց պաշտպանությունը և չարաշահումների արգելքը, իսկ հանդիպման ավարտին կատարվել են իրավիճակային հարցադրումներ՝ հնարավորություն տալով նրանց ամրապնդելու արդեն իսկ ստացած գիտելիքները։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մանե Խաչատրյանը, անդրադառնալով այսօրինակ միջոցառումների կարևորությանը, մեզ հետ զրույցում նշեց. «Նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս դպրոցահասակների՝ որպես հասարակության անդամների, իրավագիտակցությունը բարձրացնելու՝ տալով գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին՝ բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացի լինելու համար»։
Նշենք, որ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն շարունակելու է արդեն ավանդույթ դարձած իրազեկումները՝ կարևորելով իրավագիտակցության ձևավորումը հենց դպրոցական տարիքից։